կարևոր
3871 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-17 16:59

Թշնամուն տրամադրել են հստակ կոորդինատներ. պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել 20 անձի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում կալանավորվել է 14 զիվորական, փոխանցում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։

Ավելի վաղ պարզվել էր, որ քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով 44-օրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։

Վերջինների ծավալած հակապետական գործունեության արդյունքում պատերազմի թեժ պահերին թշնամուն հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքում  թշնամին անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։

Ընդ որում, հատկանշական է այն, որ օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, որոնք ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի  և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու  տեղեկությունների։

Այդ, ինչպես նաև համածառայակիցների շրջանում իրենց ունեցած  հեղինակությունն  օգտագործելով՝ դավաճանական  գործունեություն ծավալած անձինք մուտք են գործել  զորամասեր, բարձրացել մարտական դիրքեր, քողարկված եղանակով կատարել  տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝  դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։