կարևոր
3925 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-17 14:16

Փորձում են ճնշում գործադրել Իշխան Սաղաթելյանի վրա՝ դատելով նրա եղբայրներին․ փաստաբան

Փորձում են ճնշում գործադրել Իշխան Սաղաթելյանի վրա՝ դատելով նրա եղբայրներին․ փաստաբան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի եղբայրներ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանների գործով դատական նիստն այսօր մեկնարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

«Հերթական շինծու գործերից է՝ քաղաքական հետապնդում պարունակող։ Այս ամենով իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ընդդիմադիր գործիչների և ակտիվ հասարակական գործիչների նկատմամբ։ Այս դեպքում երկու ամբաստանյալները՝ Գուրգեն և Նաիրի Սաղաթելյանները, Իշխան Սաղաթելյանի եղբայրներն են։ Այս ձևով փորձում են ճնշում գործադրել Իշխան Սաղաթելյանի վրա, հերթական շինծու գործն է»,-վստահեցրեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Սաղաթելյաններին վերագրվել է խմբակային խուլիգանության գործ, որն ուղեկցվել է բռնություն գործադրելով, բավականին ծանր հոդված են դրել, և նրանց սպառնում է երկար տարիների քրեական պատասխանատվություն։

«Գործը բավականին երկար տևեց, ընթացքում 2-3 քննիչ փոխվեց, անհասկանալի պատճառով գործը շարունակվեց, հիմա գործը դատարանում է։ Որևէ էական ապացույց, փաստ չկա, պարզապես կա մի գործ՝ համաձայն որի իբր թե Գուրգեն և Նաիրի Սաղաթելյանները Բաղրամյան պողոտայում խուլիգանություն են արել, հասարակական կարգն են խախտել, և ինչ-որ անձի հանդեպ բռնություն են գործադել։ Դա անցած տարի Բաղրամյան փողոցում հանրահավաքների ժամանակ է եղել․ եկել են Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Գուրգեն և Նաիրի Սաղաթելյաններին, նաև մի երրորդ անձի, որը իրենց հետ ընդհանրապես ծանոթ չէ, պարզապես որպես ակտիվիստ այդ տարածքում է եղել։ Ու մեկնաբանել են, որ բերել են 3 հոգի, ուրեմն դա խումբ է, և բավականին ծանր հոդված են դրել»,-ասաց փաստաբանը։

Ում հանդեպ բռնությունը գործադրվել է՝ Նաիրին ու Գուրգենը չեն ճանաչում՝ վստահեցրեց փաստաբանը, պարզապես այնտեղ սադրանք է եղել, ու այդ սադրանքից հետո նրանց բերման են ենթարկել, բայց իրենք տեղյակ չեն ինչ է կատարվում։

Զուգահեռ մեկ այլ դատարանում նյութեր են նախապատրաստվում, որ Գուրգեն Սաղաթելյանն, իբրև թե, այդ նույն ժամանակ այլ տեղ էլ է խուլիգանություն արել։ Ակնհայտ է, որ բայց մարդը չի կարող նույն ժամին երկու տարբեր տարածքում լինել, այնպես որ, փաստաբանը վստահ է, որ փորձում են գործ սարքել։

Դատարանը որոշել էր նիստը հետաձգել տուժողի բացակայության պատճառով, որն այժմ գտնվում է ծառայության մեջ և կողմերը միջնորդեցին, որ անպայման ներկա լինի։

«Պետք է հասկանանք՝ արդյոք այդ մարդը բողոք ունի՞, արդյոք այդ մարդը պատմո՞ւմ է այն, ինչ կա, որովհետև գործով շատ բան պարզ չէ»,-ասաց նա։

Գործում առկա է ինչ-որ տեսաձայնագրություն, որը ևս Սաղաթելյանների պաշտպանները չեն տեսել, և միջնորդեցին դա տրամադրել։

«Պարզ չէ, թե այնտեղ ինչ է, իսկ գործում նշված է, որ ինչ-որ անձինք գնացին այն կողմ, ինչ-որ անձինք եկան այս կողմ, ինչ-որ իմիտացիոն բնույթ է կրում, դրա համար ցանկալի է և՛ այդ տեսաձայնագրությունը տեսնել, և՛ նաև տուժողին լսել, դա և՛ տուժողի, և՛ ամբաստանյալի շահերից է բխում»,-ասաց պաշտպանը։

Պաշտպանը համոզված է, որ ի սկզբանե նպատակը եղել է քաղաքական ճնշում գործադրելը։

«Բազմաթիվ են նման գործերը, որ քաղաքական հետապնդումներ են իրականցվում, սա մահակ է դառնում իշխանությունների ձեռքին, որ ցանկացած պահի կարող են ճնշում գործադրել՝ տվյալ դեպքում Իշխան Սաղաթելյանի վրա։ Բավականին  ծանր հոդված է դրված՝ խուլիգանություն խմբի կողմից, ընդ որում խումբ համարվող 3-րդ անձի հետ նրանք որևէ ծանոթություն, որևէ կապ չունեն, իրենք վրանի մեջ նստած են եղել, այդտեղից եկել և դուրս են հանել։ Բերման են ենթարկել ուրիշ ոստիկաններ, ցուցմունք են տվել այլ ոստիկաններ, այսինքն, ի սկզբանե սարքոցի է»,-ասաց փաստաբանը։

Նրա համար միանշանակ է, որ սա քաղաքական հետապնդում է։