կարևոր
2776 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-17 13:44

Սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք. Թուրքիայի բայրաքթարներով մեկ տարի առաջ սպանում էին մեր զինվորներին. Ռոբերտ Քոչարյան

Սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք. Թուրքիայի բայրաքթարներով մեկ տարի առաջ սպանում էին մեր զինվորներին. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հարցին անդրադառնալիս ասաց․

«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ես երբեք դեմ չեմ եղել։ Այդ հարաբերությունների հաստատումը ունի բնական ընթացակարգ։ Դիվանագիտական հարաբերություններ են ձևավորվում, դեսպանատներ են բացվում, և սկսում են այդ մակարդակի վրա քննարկումները։ Բայց այն ամենը, ինչ հիմա կատարվում է, անհասկանալի է ինձ համար։ Այն ֆորմատը, որը ես այս պահին տեսնում եմ, Թուրքիայի հետ բանակցություն չէ, մենք բանակցում ենք Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ, որի օրակարգը թելադրում է Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից չձևավորված օրակարգը հնչեցվելու է Թուրքիայի կողմից։ Սա ճիշտ ճանապարհ չի երկկողմ հարաբերությունների հաստատման համար։

Ինձ համար այն ժամանակ ավելի հեշտ էր, մենք հաղթած կողմ էինք, մեր անվտանգությունը Ղարաբաղում ապահովված էր և մենք որպես հաղթած կողմ ասում էինք՝ հենց հիմա սահմանը բացեք։ Իմ բանաձևը հետևյալն էր, որ մենք սահմանը չենք էլ փակել, սահմանը փակ է մյուս կողմից, հենց իրենք բացեն, սահմանը կսկսի աշխատել։ Բայց նաև միշտ մտածում էի, որ այդ սահմանն ինչ-որ տեղ մեր շուկան պաշտպանող գործոն էր այն ժամանակ, երբ նոր-նոր մեզ մոտ ձևավորվում էր վերամշակվող արտադրությունը։

Այդ ժամանակ այդ փակ սահմանն ինչ-որ տեղ մեզ օգնեց, որովհետև մեզ հնարավարություն տվեց մի շարք ոլորտներում բավականին լուրջ հաջողություններ գրանցել։ Եթե իրենք ասեին, որ` այո՛, բացում ենք սահմանը, ուրեմն մենք շատ արագ կկիրառեինք բավականին լուրջ մեխանիզմներ մեր շուկան պաշտպանելու համար՝ որոշակի սահմանափակումներով, և հիմա է պետք դա անել։

Այն ժամանակ մեր դիրքերն ուրիշ էին. մենք այն ժամանակ օրակարգ թելադրող էինք, և որևէ Թուրքիայի նախագահ, կամ Ադրբեջանի նախագահ չէր կարող մեզ մի բան ասել, և մենք լռեինք մեկ պատճառով, որ պատասխանենք, վաղը մյուս օր մի քանի պոստ էլ վերցնեն, ինչ ենք անելու։ Այսօր կոպիտ ասած՝ մի տեղից բռնած են իրենք և կարող է պոկեն․ սա է վիճակը, մենք պետք է ազնիվ լինենք։

Դեմ չեմ, պետք է բացել, բայց պետք է մեր գյուղացուն պաշտպանել։ Չպաշտպանես, ուղղակի ավիրելու ես այն, ինչ այսօր կա, ջերմոցային տնտեսություններն աղետի են ենթարկվելու, մշակաբույսերը, հասկանո՞ւմ է դա մեր գյուղացին, թե՞՝ ոչ, չգիտեմ։ 97-98 թվականներին հավկիթի 98 տոկոսը Հայաստան ներմուծվում էր, այն ժամանակ մի քանի նախկին արտադրողներին հավաքել եմ մի խորհրդակցության և ասել, որ մեկ տարում մենք այս թեման պետք է փակենք, ի՞նչ պետք է անենք, իմ առջև խնդիրներ են դրվել, որոնցից մեկը՝ սահամնափակել Թուրքիայից ներմուծումը Հայաստան։ Մեկ տարում մեր շուկայի 90 տոկոսն արտադրվում էր Հայաստանում, 2-րդ տարում մենք սկսեցինք արտահանել Վրաստան։ Հիմա այս իշխանությունն այդ համարձակությունն ո՞ւնի․ չեմ կարծում։

Այդ սահմանի բացումից իրենք շատ ավելի են շահելու, քան մենք, ես այստեղ որևէ կասկած չունեմ։ Սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք, մենք պետք է ասենք հետևյալը, որ սա բնական է, որ պետք է երկու երկրների սահմանը բաց լինի, անբնականն այն է, որ Թուրքիայի բայրաքթարներով մեկ տարի առաջ սպանում էին մեր զինվորներին, և ես համոզված եմ, որ այդ բայրաքթարի օպերատորը ադրբեջանցի չէր, թուրքերն էին։ Ուրմեն այստեղ մենք նաև այս գործոնը պետք է մեջտեղ բերենք»։ 

Քոչարյանը նշեց նաև, որ սահմանների բացման ժամանակ վտանգը մեծ է լինելու, և մենք լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու շուկայում։ Առաջիկա 5 տարիների ընթացքում մեր տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու։ Ես չեմ լսել որևէ գնահատական, հաշվարկ, թե ինչ հետևանքներ է ունենալու սահմանի բացումը, և ինչպես ենք մենք պաշտպանելու մեր շուկան։ Այն նախարարությունը, որը պետք է այդ հաշվարկը անի, անվանվել է հույսի նախարարություն, և չկա։ Իմ տպավորությունը այնպիսին է, որ այս իշխանությունները ատում են արհեստավարժ մարդկանց։ Լավ մասնագետները իրենց գինը գիտեն և պատրաստ չեն ուսապարկ լինելու, քանի որ հասկանում են, որ այդ պաշտոնից կամ դիրքից չի կախված իրենց բարեկեցությունը»,- ասաց Քոչարյանը։