կարևոր
3400 դիտում, 9 ամիս առաջ - 2022-02-17 11:52

Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը միացվեց Ագրարային համալսարանին

Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը միացվեց Ագրարային համալսարանին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում որոշեց ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել որպես «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամ եւ այն միացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վանաձոր քաղաքում գործելով երկու գյուղատնտեսական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, պատճառ են դառնում ըստ մասնագիտությունների խմբերի թերկոմպլեկտավորման ձևավորմանը, որն էլ իր հերթին առաջացնում է ֆինանսական խնդիրներ:

Մինչ այս գործող երկու ուսումնական հաստատությունների ուսումնական ողջ գործընթացն իրականացվելու է ԵՄ բյուջետային աջակցության «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակում «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի ամբողջական վերանորոգված, նորացված շենքում, որն էլ իր հերթին զգալիորեն կնպաստի ուսուցման որակի և շրջանավարտների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:

Միավորումից հետո քոլեջը գործելու է որպես «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր:

Միացման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների  կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ /սովորողների թվի փոփոխություն/: