կարևոր
2383 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-17 10:25

Քննիչ հանձնաժողովն այս ձևաչափով իշխանության ճաշակով պատասխանատուներ, նաև մեղավորներ նշանակելու նպատակ ունի միայն. «Փաստ»

Քննիչ հանձնաժողովն այս ձևաչափով իշխանության ճաշակով պատասխանատուներ, նաև մեղավորներ նշանակելու նպատակ ունի միայն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Իշխանությունը երկար ձգձգումներից հետո որոշեց հանդես գալ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Փետրվարի 14-ին կայացավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, իսկ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները բոյկոտեցին հանձնաժողովի աշխատանքը՝ լքելով դահլիճը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել ընդհանրապես չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Զուգահեռ՝ ընդդիմությանը մեղադրում են ԱԺ-ում ունեցած գործիքակազմը չօգտագործելու մեջ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին ընդդիմությունը վաղուց էր խոսում՝ անգամ դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները:

«Բացի այդ, այն նաև խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի մաս էր կազմում: Սակայն ընտրություններից հետո իշխանությունը հայտարարեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, բայց երկար ժամանակ որևէ գործողություն չէր իրականացնում, քանի որ արտախորհրդարանական, իշխանությանը լոյալ ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու ուղիներ էր փնտրում: Երբ այլ տարբերակ չգտնվեց, դրա համար իշխանությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնեց քննիչ հանձնաժողովի ձևավորումը: Այս հանձնաժողովն այս ձևաչափով ու այս կազմով՝ իշխանության մեծամասնությամբ, ուղղակի մեկ նպատակ ունի. իշխանությունն ուզում է իր ճաշակով պատասխանատուներ, նաև մեղավորներ նշանակել: Նպատակ կա նաև 44-օրյա պատերազմի ծնող պատճառների, ընթացքի և ողբերգական ավարտի բոլոր պատասխանատվություններից մաքրել իշխանությանը»,-ասաց Գ. Մանուկյանը:

Անդրադառնալով ընդդիմությանն ուղղված այն մեղադրանքներին, թե չեն օգտագործում իրենց ընձեռված գործիքակազմը` պատգամավորը նշեց. «Իրականում քննիչ հանձնաժողովը խորհրդարանական կարևոր գործիքակազմ է, բայց քննիչ հանձնաժողովը գործիքակազմ է, երբ ընդդիմության նախաձեռնությամբ է այդ ամբողջը կիրառվում: Օրինակ՝ Հայաստան համահայկական հիմնադրամի՝ պատերազմի ընթացքում ծախսված միջոցների քննությունը նույն ընդդիմության նախաձեռնությամբ է: Բացի այդ, նշվածի լավագույն օրինակներից մեկը ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն է: Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ձևավորվեց ոչ թե Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք և ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ երբ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէր:

Սա կարևոր է հնարավորինս անաչառ քննություն տանելու տեսանկյունից: Ես ծանոթացել եմ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցին և կարող եմ ասել, որ այնտեղ էլ քաղաքական տարրեր կան, բայց, ամեն դեպքում, նման մեծ տարողություն ունեցող իրադարձությունները պետք է ուսումնասիրվեն այլ իշխանության կողմից: Հիմա էլ ընդդիմությունը 44 օրյա պատերազմի քննությունն իրականացնելու այլ մեխանիզմներ է մշակում: Բայց կա ևս մեկ հանգամանք: Մեկուկես տարվա ընթացքում իշխանությունը հնարավորինս տարողունակ քննություն իրականացնելու իրավական, քննչական բազմաթիվ միջոցներ, գործիքներ ու կառույցներ ուներ: Նշվածը չի արվել: Ավելին, դեռ ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված 6 հաղորդում է ներկայացվել դատախազություն, որոնք դատախազության կողմից անպատասխան են մնացել»:

Գեղամ Մանուկյանը հավելեց՝ քննիչ հանձնաժողովի արդյունավետության մասին խոսել հնարավոր կլիներ, եթե այն ձևավորվեր կա՛մ այլ իշխանության պարագայում, կա՛մ հանձնաժողովը ղեկավարեր ընդդիմությունը, որ հավասարակշռությունը պահպանվեր. «Այս պարագայում իշխանությունը ձգձգելով փորձելու է ուղղակի իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում