17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:
Պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև հայկական զույգ պետությունների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:
«Հատկանշական է, որ Ձեր պաշտոնավարման ժամկետն ավարտում եք արցախյան այցով՝ ամփոփելով կատարած աշխատանքը նաև արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ուզում եմ արժեվորել Ձեր իրականացրած արհեստավարժ և սրտացավ աշխատանքը հատկապես պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածներում: Իսկ վերջին շրջանում մեր համատեղ աշխատանքը նպատակաուղղված է առաջնահերթորեն պատերազմի հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների բարձրաձայնմանն ու իրավունքների պաշտպանությանը»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ փոխգործակցության համար՝ այդ համատեքստում կարևորելով ադրբեջանական վայրագություններից Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
«Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է: Կարևորում եմ Ձեր իրավապաշտպան գործունեությունն ու էությունը, և, որպես պետական նախարար, Ձեր աշխատանքը ծավալում եք իրավապաշտպան սկզբունքներով՝ մարդուն առավելագույնս օգտակար լինելու մղումով: Մեր համատեղ աշխատանքն ակներև է միջազգային ասպարեզում: Արցախի Պաշտպանի հաստատությունը պատերազմի ժամանակ ու հետպատերազմյան ընթացքում ցույց տվեց իր կայացվածությունն ու բարձր մշակույթը, որի ապացույցը ժողովրդի ու միջազգային հեղինակավոր կառույցների վստահությունն է»,- նշել է Արման Թաթոյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր: Պետական նախարարն իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է հանձնել գերատեսչական հուշամեդալ:
Պետական նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրին իրականացրած առաքելության համար և վստահություն հայտնել, որ Արման Թաթոյանն իր հետագա գործունեությունը նույնպես ծավալելու է ի նպաստ մեր հայրենակիցների իրավունքների ու ազատությունների պաշտպանության: