Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Շիրոյանի նախագահությամբ, մերժեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Սարդարյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։
Նշենք, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։
Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած ճնշումների վերաբերյալ:
ՀՀ Փաստաբանների պալատը, Արցախի Փաստաբանական պալատի անդամ փաստաբանները ևս հայտարարություններ են տարածել՝ դատավորի նկատմամբ տեղի ունեցածը որակելով որպես ոչ միայն ուղղակի միջամտություն, այլ նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորի անկախության ոտնահարում:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։
Հավելենք, որ այսօր առավոտյան Վերաքննիչ դատարանը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կրկին կալանավորման մասին որոշում է կայացրել: