կարևոր
3166 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-16 20:04

Արտգործնախարարը Ռուբինյանի և հայ-թուրքական գործընթացի փորձագիտական խմբի հետ հանդիպում է ունեցել

Արտգործնախարարը Ռուբինյանի և հայ-թուրքական գործընթացի փորձագիտական խմբի հետ հանդիպում է ունեցել

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հավելենք, որ փետրվարի 24-ին Վիեննայում նախատեսվում է հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- հանդիպման արդյունքների մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը:

Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է խորհրդարանի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Ռուբեն Ռուբինյանը, որը 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել, ապա ընտրվել ԱԺ փոխխոսնակ: 

Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: