կարևոր
1588 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-16 19:58

«Հայաստան» խմբակցությունը վերականգնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

«Հայաստան» խմբակցությունը վերականգնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

Հաշվի առնելով այն, որ պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է՝ «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Այս մասին այսօր խմբակցությունը հայտարարություն է տարածել.

«2021 թվականի դեկտեմբերի 7-ին հանդես էինք եկել հայտարարությամբ, որ կասեցնում ենք մեր մասնակցությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների աշխատանքներին: Հայտարարության հիմքը եղել է մեր գործընկեր պատգամավորների՝ ակնհայտ ապօրինի կալանավորումը և այլ պատգամավորների, այդ թվում՝ պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումը:

Հայտարարությունից հետո մեր գործընկերներն ամիսներ տևած ապօրինի կալանավորումից ազատ արձակվեցին՝ մեր խմբակցության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա ընդունված որոշմամբ: Այնուհետև սկիզբ առավ պատգամավորների տեղաշարժի ապօրինի սահմանափակման վերացման գործընթացը:

Թեև Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է, որ հարուցված քրեական հետապնդումները չպետք է խոչընդոտեն պատգամավորի սահմանադրական գործունեությանը, այս իշխանությունները որոշ պատգամավորների նկատմամբ շարունակում են նույն ակնհայտ ապօրինի մոտեցումը: Իշխանություններն ամեն կերպ ապօրինաբար կալանավորված են պահում նաև մեր Դաշինքի մի շարք անդամների:

Սակայն ինչպես պատգամավորների ապօրինի կալանավորումները, այդպես էլ այս կոպիտ խախտումների վերացման հարցում դրական արդյունք ենք ունենալու:

Հաշվի առնելով այն, որ պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է՝ «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։

ԱԺ« Հայաստան» խմբակցություն
16.02.2022թ.»: