կարևոր
2740 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-16 19:55

ԱԺ հանձնաժողովը կքննի Անժելա Նալբանդյանի թեկնածությունը

ԱԺ հանձնաժողովը կքննի Անժելա Նալբանդյանի թեկնածությունը

«Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը։ 

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն ընդգրկված է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 22–ի նիստի օրակարգում։

Անժելա Նալբանդյանը 2010-2013 թվականներին զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերությունում կոմերցիոն բաժնի գովազդի գծով մասնագետիպաշտոնը, ապա եղել է  «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար: 2015 թվականին զբաղեցրել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, 2017 թվականից «Զանգեզուր» հեռուստաընկերության պրոդյուսերն է, ինչպես նաեւ՝ «Para TV» առցանց հեռուստաընկերության փոխտնօրենը: 

Անժելա Նալբանդյանը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի եւ բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունները։ Նրանք հունվարի 21–ին ընտրվել են այդ պաշտոններում։ Իսկ «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը մերժվել էր:

Օրենքի հիման վրա 2001թ. ստեղծվեց գործադիր գործառույթներ իրականացնող և կարգավորող պետական անկախ մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովը, որի անդամները լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի և իրավագիտության ոլորտներում փորձառություն ունեցող և զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետներ են: Ընդհանուր յոթից այժմ Հանձնաժողովի մեկ անդամի տեղը թափուր է: