կարևոր
2125 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-16 18:54

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն Արցախում է. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն Արցախում է. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում:

ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Արպատ Ավանեսյանը։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։ Անդրադառնալով Արման Թաթոյանի իրավապաշտպան, անաչառ գործունեությանը՝  ԱԺ նախագահը բարձր է գնահատել պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն  ու հրապարակումները։ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ա․ Թաթոյանին առանձնապես փաստահավաք գործունեության և միջազգային հարթակներում Արցախն ու Արցախի խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու համար։

Արթուր Թովմասյանը ԱՀ և ՀՀ համանուն կառույցների փոխգործակցությունը լավագույնն է որակում այդ համատեքստում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  նաև պատերազմական և հետպատերազմյան իրողություններին, անվտանգային խնդիրներին  ու սպառնալիքներին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության նոր դրսևորումներին։

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել  ջերմ ընդունելության և գնահատանքի համար։ Կարևորելով նման հանդիպումներն ու քննարկումները՝ ՀՀ  իրավապաշտպանն ընդգծել է հատկապես ՀՀ և ԱՀ նույն կառույցների համագործակցությունն ու համատեղ գործունեությունը։ Արման Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ, անկախ ունեցած կարգավիճակից, իր հետագա գործունեությունը ևս ուղղված կլինի իրավապաշտպանությանը։

Այնուհետև Արման Թաթոյանը հանդիպել է պատգամավորական կազմի հետ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը բարձր է գնահատել Հայաստանի ՄԻՊ գործունեությունը՝ ընդգծելով հանրային  վստահությունը Արման Թաթոյանի նկատմամբ:

Իր խոսքում Թաթոյանը անդրադարձել է փաստահավաք առաքելությանը՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու գործում կարևորելով Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ խորհրդարանականների աջակցությունը:

Այնուհետև ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի գործունեությունը, ջանքերը՝ միջազգային ատյաններում Արցախի իրավունքների պաշտպանության հարցում:

«Պատերազմի ժամանակ միջազգային հանրության  պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը սակայն չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում»,-ասել է Հայաստանի ՄԻՊ-ը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արման Թաթոյանը անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձարձակ պահվածքին ու  անհրաժեշտ պատասխան գործողություններին: