կարևոր
1903 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-16 18:47

Այսօր ազգային գործիչ Էդուարդ Հովհաննիսյանի ծննդյան 90-րդ ամյակն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նա այնտեղ էր, որտեղ կար ազգային գաղափարների պայքարի անհրաժեշտություն: Գիտնական, քաղաքական գործիչ Էդուարդ Հովհաննիսյանը, իբրեւ մտավորական, քաղաքագետ եւ պատմաբան շատ հաճախ միանշանակ չընդունվեց շրջապատի ու հասարակության կողմից: Նրա ցանկացած խոսք, միտք, նախաձեռնություն տարատեսակ էին մեկնաբանվում: Այսօր ազգային գործչի 90-րդ տարեդարձի առիթով նրա գերեզմանին էին այցելել դաշնակցական նրա ընկերները: 

 Նրա սուր, շատ հաճախ` ժամանակից առաջ քայլող ելույթներին ու դիտարկումներին տարիներ շարունակ կարելի էր Հայաստանում ծանոթանալ միայն, գաղտնի կամ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերում, մինչեւ բացվեց «երկաթե վարագույրը» եւ նա վերադարձավ Հայրենիք:

Սակայն, այստեղ եւս ապահովագրված չէր հալածանքներից: Նորից տարագրություն. 1998ի փետրվարի 11 էր, նախորդ օրը նրա որդին՝ Վահան Հովհաննիսյանը, ազատվել էր քաղաքական հետապնդման հետեւանքով կալանքից, լրագրողներիս հայտնի էր դարձել, որ Հայրենիք է վերադառնում Վահան Հովհաննիսյանի հայրը: Այդ օրերին թափուր էր երկրի նախագահի պաշտոնն, ու «Վահան Հովհաննիսյանը թեկնածու է, թե՝ ոչ» հարցի պատասխանը հրատապ էր, ՀՅԴ-ն դեռ չէր բացահայտել: Էդիկ Հովհաննիսյանն, իր բնավորության համաձայն, հենց օդանավակայնում հումորով բացառեց. 

Հետո բոլորին հայտնի դարձավ, որ ազգային ուժերը միասնական թեկնածու կունենան: 

Էդվարդ Հովհանանիսյանը վերջապես մնաց Հայաստանում, բայց այնպես չէ, որ լուռ էր. նա խոսում էր, քննադատում խորհուրդներ տալիս: «Պետք է բռնենք այն կողմը, որը համապատասխանում է ազգային շահերին: Հայաստանը էդ կողմը չի բռնել ու շարունակում է չեզոքություն խաղալ, կարծես հզոր պետություն է, ու մեզ վրա ծիծաղում են: Էն հարցերում, որտեղ ժողովրդավարությունը խանգարում է մեր ազգային արժեքներին, պետք է մեր որոշումը տանք: Բայց տվել ենք արդյոք, ես համոզված եմ, այսօր այդ որոշումը տրված չէ: Քաղաքականության մեջ կարեւորն այն է, որ կարողանաս հասկանալ` միանալով այս կամ այն կողմին այդ կողմին առավելություն տալիս ես, թե՝ ոչ»:

Սա Էդվարդ Հովհաննիսյանի կարծիքն էր Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Ամենալուրջ խնդիրները անեկդոտների միջոցով այնպես էր մատուցում, որ անծանոթի մոտ կարող էր տարակուսանք առաջացնել: Իսկ նրան բնորոշող ամենահարմար բառը, ըստ ընկերների, «հայտնությունն» էր: Նա այնտեղ էր, որտեղ կար ազգային գաղափարների պայքարի անհրաժեշտություն: Անգամ Եվրոպա տեղափոխվել էր ոչ թե հանգիստ կյանքի ձգտմամբ, այլ ծառայելու ազգային-քաղաքական խնդիրների լուծմանը: Անդամագրվել այնտեղ Դաշնակցությանը, ժամանակ անց նաեւ դարձել Մյունխենի հայկական հարցերի հետազոտության ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն:

- Ասում էի, լավ, որ մեռնեմ, իմ գերեզմանի վրա ինչ պիտի գրեն` նոր մեքենա ստեղծեցի, բայց դա ի՞նչ կապ ունի իմ ժողովրդի ճակատագրի հետ,-մի անգամ իր գիտությամբ զբաղվելը թողնելու որոշման մասին պատմել էր Էդվարդ Հովհաննիսյանը, մտածել էր , որ պետք է մաս կազմել սեփական ժողովրդի ճակատագրին: Ճիշտ այն ժամանակ, երբ թվում էր Էդուարդ Հովհաննիսյանը հասել էր ամեն ինչի` 32 տարեկանում գիտությունների դոկտոր, բարձր վարձատրվող աշխատանք, ընտանիք: Նրան տրված էր լաբորատորիա բացել, որը նա որոշեց բացել Սյունիքում. ինչո՞ւ Սյունիքում, որովհետեւ նա տեսնում էր, որ Կապանը թուքացվում է ուզում էր աշխուժություն մտցնել այնտեղ: 

«Ազատություն» ռադիոկայանի հայկական հաղորդումների խմբագրությունում, նրա տնօրինության օրոք առաջին անգամ հնչեցին Հայ դատի խնդիրները: Ապրիլի 24-ին ցեղասպանության մասին հաղորդումներ հեռարձակելու համար նրան նույնիսկ փորձում են հեռացնել աշխատանքից, բայց... հեղինակությունը մեծ էր:
Զուգահեռ հիմնում է «Հայկական հարցերի հաստատությունը»: Շատերը հետո իրենց էին վերագրում, բայց հենց Էդվարդ Հովհաննիսյանի գործունեության շնորհիվ էր, որ Ռուսաստանի պետդուման ճանաճեց Հայոց ցեղասպանությունը: