կարևոր
3070 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-16 17:50

Դատավոր Բախշիյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Դատավոր Բախշիյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Փաստաբան Արսեն Սարդարյանը հայտնում է, որ այսօր  դատավոր Ա.Շիրոյանի նախագահությամբ տեղի է ունենալու դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության քննությունը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։

Նշենք, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։

Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած ճնշումների վերաբերյալ: 

ՀՀ Փաստաբանների պալատըԱրցախի Փաստաբանական պալատի անդամ փաստաբանները ևս հայտարարություններ են տարածել՝ դատավորի նկատմամբ տեղի ունեցածը որակելով որպես ոչ միայն ուղղակի միջամտություն, այլ նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորի անկախության ոտնահարում:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ 

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։

Հավելենք, որ այսօր առավոտյան Վերաքննիչ դատարանը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կրկին կալանավորման մասին որոշում է կայացրել: