կարևոր
7486 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-16 16:10

ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված հայ զինծառայողներ դեռևս պահվում են Ադրբեջանում. «Հետք»

ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված հայ զինծառայողներ դեռևս պահվում են Ադրբեջանում. «Հետք»

2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գերեվարված ոչ բոլոր հայ գերիներն են վերադարձել։ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։

Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ ռազմագերի։ 

Հայրենադարձված գերիների մի մասը գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների, իսկ մյուսները՝ Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։

Մի քանի լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էին, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։ 

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։

«2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պատասխանի մեջ։ 

Ստացվում է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված դեռևս առնվազն մեկ զինծառայող գտնվում է Ադրբեջանում գերության մեջ։ 

Ազգային անվտանգության ծառայությունից նաև նշում են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերադարձվածների մեջ են նաև 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված զինծառայողներ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ռազմագերիներին վերադարձրել են Արցախյան առաջին պատերազմում զոհված ադդբեջանցիների վերաբերյալ ինֆորմացիայի դիմաց։ Հաղորդագրության մեջ առանձին խոսվում է փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հեռավար հանդիպման մասին։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բարձրացրել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների հուղարկավորման վայրերի վերաբերյալ Ադրբեջանին ինֆորմացիա տրամադրելու հարցը։ Բաքվից պնդում են, որ հայկական կողմը պարտավարություն է ստանձնել համագործակցել այդ հարցում։  Այդ հարցը ստացել է նաև Ֆրանսիայի նախագահի աջակցությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում, ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում, տեղի էին ունենում մարտական գործողություններ, որի ընթացքում կողմերը կիրառում էին զրահատեխնիկա և հրետանի։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ։