կարևոր
4597 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-16 12:08

Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Բռնազավթված տարածքների մասին օրինագիծը

Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Բռնազավթված տարածքների մասին օրինագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

Կողմ 31, դեմ և ձեռնպահ չկա, որոշումն ընդունվեց միաձայն: Միաձայն ընդունվել է նաև կից օրենսդրական փաթեթում փոփոխություններ անելու որոշումը: 

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ օրենքի ընդունումը հրամայական է, ըստ նրա, ինչ-որ առումով նաև ուշացած է նախագծի քննարկումը.

«Ի վերջո, մեր երկրի մեծ մասը բռնագրաված է, մենք պարտավոր ենք ունենալ նման օրենք: Այն իր մեջ ներառում է Արցախի իշխանության և ժողովրդի տեսլականը՝ իր անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ: Կարևոր է նաև, որ մենք ճիշտ տերմինաբանություն օգտագործենք և այդ տարածքների մասին խոսելիս միշտ ընդգծենք, որ դրանք բռնագրավված են:

Հուսով եմ, որ քննարկումները կշարունակվեն և, ի վերջո, մեր խորհրդարանը կընդունի օրենքը: Սա, իսկապես, պատմական մի քայլ է լինելու, ոչ այնքան այսօրվա, որքան՝ ապագայի համար»,-ասաց Բաբայանը:

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ նշեց, որ օրինագծի քննարկումն ուշացած չէ, պարզապես մեծ աշխատանք է տարվել և քննարկումներ են եղել նախագծի վերաբերյալ.

«Այն օրենքի նախագծերը, որոնք կարող են անվտանգության բաղադիչ պարունակել, անպայման քննարկվելու են Արցախի անվտանգության խորհրդում, մենք հաշվի ենք առնելու նաև Արցախի ԱԳ նախարարի կարծիքը: Մենք չենք կարող այս իրավիճակում մեր ժողովրդի անվտանգությունը և ապագայի տեսլականը միայնակ որոշել: Լավ կլիներ, որ և՛ ընդդիմությունը, և՛ արտախորհրդարանական ուժերը, նաև ՀՀ-ն և Սփյուռքը միատեսակ կարծիք ունենային Արցախի ապագայի տեսլականի մասով»,-ասաց Արցախի ԱԺ նախագահը:

Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Նախագծում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և  տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն, ներառյալ լիցենզիա, թույլտվություն, գրանցում պահանջող գործունեություն և ցանկացած շինարարություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները համարվում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ: