Այսօր վաղ առավոտից Մարմարաշեն համայնքի բնակիչները մեքենաներով փակել են երևանից Արարատի մարզ տանող միջպետական ճանապարհը և կաթվածահար են արել երթևեկությունը Մասիսի գյուղեր տանող ուղղությամբ։ Մարմարաշենցիները կառավարությունից պահանջում են վերականգնել նախկինում ունեցած՝ Երևան տանող երթուղին ու տրանսպորտային միջոցը։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենց ակցիան քաղաքական չէ, խոսք են տվել լուծել տրանսպորտի հարցը, բայց չեն լուծել, ժողովուրդն էլ իր բողոքի ձայնն է բարձրացնում ու պահանջում է լուծել խնդիրը:
Բանն այն է, որ մոտ երեք ամիս առաջ լրացել է Երևանի թիվ 44 երթուղին սպասարկող ընկերության լիցենզիան, որը Երևանից դուրս էր գալիս եւ մինչև Մարմարաշեն էր հասնում։ Միակ տրանսպորտային միջոցը նրանց համար այս պահին Երեւան-Արտաշատ երթուղու ավտոբուսներն են, որոնք գերբեռնված են լինում եւ գրեթե չեն կանգնում։
Ոստիկանությունը մի քանի մեքենաներով ուժ է կենտրոնացրել։ Բնակիչները պահանջում են կա՛մ վարչապետի ներկայությունը, կա՛մ երթուղայինը հենց այս պահին բերել մարզ։ Երկու ժամ է, արդեն, խաթարված է Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ և Նոր Կյուրի տանող ճանապարհի երթևեկությունը։ Գյուղացիները համառորեն չեն նահանջում։ Yerevan.Today.-ին ակցիայի մասնակիցները հայտնում են` սա արդեն երրորդ ակցիան է վերջին երկու ամիսներին, ու որ իրենց պահանջը հստակ է` առանձին երթուղով վերականգնել Երևանի հետ կապը։ Հրաժարվում են օգտվել Արտաշատի տրանսպորտային միջոցներից․ ասում են՝ ավելորդ ծանրաբեռնված է միշտ ու անհարմարություններ է ստեղծված իրենց համար։ Նախորդ տարվանից հանվել է 44 համարի երթուղային միջոցը․ մի քանի գյուղի բնակիչները օգտվում են սեփական տրանսպորտային միջոցներից, ինչը, իրենց խոսքով, թանկ է ու ոչ ձեռնտու։