կարևոր
1366 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-16 11:37

Ուկրաինայի դեմ ագրեսիան կարող է «արյունալի եւ կործանարար պատերազմի» վերածվել. Բայդենը հեռուստաուղերձ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը շարունակում է հավանական մնալ, իսկ հաղորդումներն այն մասին, որ որոշ ռուսական ուժեր դուրս են բերվել Ուկրաինայի հետ սահմանից, դեռ չեն հաստատվել: 

«Մենք պատրաստ ենք հարցը դիվանագիտությամբ լուծել՝ Եվրոպայում կայունությունն ու անվտանգությունը բարելավելու համար։ Միաժամանակ, մենք պատրաստ ենք վճռական պատասխան տալ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը, որը դեռ շատ հավանական է»,- ասել է Բայդենը հեռուստաուղերձում Սպիտակ տնից։

Բայդենն ուղղակիորեն դիմել է ռուս ժողովրդին՝ նախազգուշացնելով, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան կարող է «արյունալի եւ կործանարար պատերազմի» վերածվել։

«Կոչ եմ անում Ռուսաստանի քաղաքացիներին՝ դուք մեր թշնամիները չեք,- ասել է նախագահը։ Եւ ես չեմ հավատում, որ դուք արյունալի եւ կործանարար պատերազմ եք ցանկանում Ուկրաինայի դեմ` մի երկրի եւ ժողովրդի դեմ, ում հետ դուք ընդհանուր պատմության եւ մշակույթի այդքան խորը կապեր ունեք»:

Բայդենը հավելել է, որ անցած շաբաթ օրը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել բարձր մակարդակի դիվանագիտական ​​շփումները՝ պայմանավորվածությունների ձեռք բերման համար։

«Մենք պետք է դիվանագետներին ընձեռենք հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ կան իրական ուղիներ՝ մեր անվտանգության խնդիրները լուծելու համար»,- ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի մերձակայքում ավելի քան 150.000 ռուսական զորքերի տեղակայման փաստը «փաստ է մնում», եւ «ներխուժումն ակնհայտորեն հավանական է մնում»։

«Հենց այդ պատճառով էլ ես բազմիցս խնդրել եմ Ուկրաինայում գտնվող բոլոր ամերիկացիներին հեռանալ, քանի դեռ ուշ չէ... Հենց այդ պատճառով մենք մեր դեսպանատունը Կիեւից ժամանակավորապես տեղափոխեցինք Լվով»,- ասել է նախագահը եւ հավելել, որ ԱՄՆ-ն « Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման չի ձգտում»: 

«Սակայն եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, ապա դա ընտրությամբ պատերազմ կլինի, պատերազմ առանց պատճառի կամ առիթի։ Սա ասում եմ ոչ թե մարտահրավեր նետելու, այլ ճշմարտությունն ասելու համար. քանի որ ճշմարտությունը, որ պատասխանատվությունը կարեւոր են: Եթե ​​առաջիկա օրերին կամ շաբաթներին ռուսական ներխուժում տեղի ունենա, Ուկրաինան մեծ մարդկային կորուստներ կկրի։ Բայց Ռուսաստանի համար ռազմավարական կորուստները եւս հսկայական կլինեն։ Եթե ​​Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, այն համընդհանուր միջազգային դատապարտման կարժանանա: Աշխարհը չի մոռանա, որ Ռուսաստանը ոչնչով չարդարացված ընտրություն կատարեց մահվան եւ կործանման օգտին։ Ուկրաինա ներխուժմամբ Ռուսաստանն անխուսափելիորեն կվնասի ինքն իրեն։ Միացյալ Նահանգները եւ մեր դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն դրան: Արեւմուտքը միասնական է եւ պատրաստ է գործել: Այսօր ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները եւ բուն դաշինքը միասնական եւ վճռական են, ինչպես երբեք»,- ասել է նախագահը։