կարևոր
1402 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-16 10:50

Նախևառաջ մեր ազգին պետք է տանք հոգևոր զենք. Առուշ Առուշանյանի հարցազրույցը կալանավայրից․ «Հրապարակ»

Նախևառաջ մեր ազգին պետք է տանք հոգևոր զենք. Առուշ Առուշանյանի հարցազրույցը կալանավայրից․ «Հրապարակ»

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրից պատասխանել է «Հրապարակ»-ի հարցերին:

- Օրերս հերթական անգամ վերաքննիչ դատարանը Ձեր կալանքն անփոփոխ թողեց, Դուք ինչո՞վ եք բացատրում դատական համակարգի այս քայլը։

- Ես բացարձակ հանգստությամբ եմ վերաբերվում ներկա պետության որոշ դատավորների վճիռներին։ Հեռու չէ այն օրը, երբ Բարձրյալի կողմից ուղարկված բարձրագույն արդարությունը, մարդկային, բարոյական ճիշտը կհաղթանակի։ Ներկայում իշխանության ղեկին կանգնածները, ովքեր, թշնամու թելը թելելով, մեր ժողովրդին հասցրին անդունդի եզրին ու հայրենիքի մեծագույն դժբախտության ժամին, սեփական եսը գերադասեցին հասարակության գոյությունից, օրենքից եւ իրավունքից, կպարտվեն, եւ կտոր-կտոր կլինեն ներկայիս դատավճիռները, եւ մենք ամբողջությամբ կարդարացվենք։

- Հնարավո՞ր է, որ Ձեզ կալանքի տակ պահելով՝ այլ խնդիրներ են լուծում, ասենք, փորձում են Սյունիքի համայնքապետերին ավելի կառավարելի դարձնել։

- Եկեք մի փաստ հստակ ֆիքսենք` բոլոր արդար, համարձակ մարդիկ, ում հետ, Աստծո կամոք, ես շփման եզրեր եմ ունեցել եւ ունեմ, չեն կարող լինել 30 արծաթով վաճառվածների կողմից կառավարելի։ Դա կլինի համայնքի ղեկավար, պատգամավոր, թե քարը քարին դնող շինարար։

- Սեւ լճի դեպքերի ժամանակ Դուք տեւական ժամանակ այդ դիրքերում էիք, հնարավո՞ր էր թշնամուն հետ շպրտել։ Այսօր անգամ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ դա մեր հողն է, եւ դեմարկացիայից հետո այդ տարածքում մենք ենք տեղակայվելու, այդ դեպքում ինչո՞ւ չհաջողվեց այդ պահին կանխել ադրբեջանցիների առաջխաղացումը:

- Լույսի նման պարզ է, որ մեզնից խլած Սուրբ հողը կարելի է վերադարձնել միայն զենքի ուժով եւ ոչ միայն զենքի: Նախեւառաջ մեր ազգին պետք է տանք հոգեւոր զենք՝ ամրապնդելով մեր հազարամյակների ընթացքում ձեռք բերված անկոտրում կամքը։ Մենք պետք է հպարտանանք ոչ թե 2018-ի եղածով եւ, ինչպես իրենք են սիրում ասել՝ «մենք նոր Հայաստան ենք, նոր հայեր», այլ պարտավոր ենք հպարտանալ մեր հինգհազարամյա քաղաքակրթությամբ, Հայկ Նահապետի` ք. ա. 2492 թ․ սկիզբ դրած փառավոր հաղթանակներով, աշխարհակալ Տիգրանի նվաճումներով: Հազարամյակներ շարունակ մեր ավագ սերունդները, միլիոնավոր հայեր կյանք են տվել մեր Սուրբ հողերի համար, մեր ազգի տրամաբանական շարունակության համար, մեր այսօրվա լինելիության համար, իսկ այսօր գործող ղեկավարն ասում է, թե «այդ Սեւ ջրերի համար հո պատերազմ չե՞նք սկսի»։ Ի՞նչ եք կարծում, զինվորը կամ կամավորն ինչպե՞ս պետք է կռվի ու կյանք տա մեր Սուրբ հողերի կամ նույն Սեւ լճի համար, եթե իր գերագույն գլխավոր հրամանատարն այդպես է արտահայտվում։ Մեր հայրենակիցներից ոմանք, գուցե նաեւ գործող իշխանությունից շատերը, չգիտեն, որ այդ տարածքներում Տիգրան Մեծը Տիգրանակերտ քաղաք է կառուցել։ Ինչպես ասում էր լեգենդը` Գարեգին Նժդեհը, «Մեր դժբախտությունը նրանում չէ, որ կան թուրքեր, այլ նրանում է, որ կան թրքանման հայեր»։ Կամ՝ ինչպե՞ս պետք է կռվի հայ ազատամարտիկը, երբ արյան գնով պահեց Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները, ներառյալ Աստծո կողմից մեզ ընձեռված բավական մեծ տարածքներ՝ Սյունիքի ողջ երկայնքով, որը 2020 թ․ դեկտեմբերի 17-ին բանավոր ըմբռնման արդյունքում տրվեց դարավոր սրբապիղծ թշնամուն, եւ կնքվեց երկրորդ՝ այս անգամ բանավոր կապիտուլյացիան։ Ինչ վերաբերում է դեմարկացիային եւ դելիմիտացիային՝ ասեմ հետեւյալը. հուսով եմ` չեք մոռացել, երբ 2021-ի սկզբին իմ հարցազրույցներից մեկում ասում էի, որ շուտով թշնամիները կփակեն M2 մայրուղին՝ Գորիս-Կապան ճանապարհը։ Դա հասկանալու համար շատ խելք պետք չէր, եթե մենք ուշադիր հետեւենք գործող իշխանության քայլերին, կֆիքսենք, որ սրանք ամեն ստոր քայլ՝ իրենց ոճին հարիր ու հատուկ կանխավ մշակված աճպարարությամբ, փորձում են անփոփոխ կերպով ներկայացնել որպես օգուտ Հայաստանին։ Իսկ այդ դավաճանական քայլով կգնան դեմարկացիայի, մի քանի գյուղ եւս կտան թշնամուն՝ անունը դնելով անկլավ։ Ու մեր հողում գտնվող թշնամին մի քանի մետր հետ կգնա, ինչն էլ մեր ժողովրդին կներկայացնեն իբրեւ ձեռքբերում։

- Ի՞նչ եք կարծում, եթե վարչապետը նորից այցելի Սյունիք, դարձյա՞լ կհնչի «սյունյաց ողջույն»-ը։ Սյունիքում դեռ կա՞ այն դժգոհությունը, որ ձեւավորվել էր պատերազմից հետո։

- Եկեք այլեւս եւ երբեք տարանջատումներ չանենք. Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ, Արմավիր, Արցախ, թե Շիրակ... Մենք մեկ ամբողջական միավոր ենք՝ Հայաստան, ու կապ չունի, թե մեր երկրի որ հատվածում կա պրոբլեմ, եթե կա խնդիր, ուրեմն դա բոլորիս խնդիրն է, եթե Սյունիքում կա դժգոհություն, ուրեմն դա բոլորինս է, եւ բոլորով միասնական՝ համառ ու անկոտրում պայքար պետք է մղենք այն 100 տոկոսով լուծելու համար։ Ինչ վերաբերում է դժգոհություններին, պետք է ասեմ հետեւյալը՝ իսկ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ չլինեն դժգոհություններ, ամեն օր նախորդ օրվանից մեր կյանքի որակն ավելի վատն է դառնում։ Վերջին 7 ամիսը, ինչ կալանավայրում եմ, ամենավատ երեւույթը, որը ֆիքսել եմ, եւ ամեն օր այդ կադրերն աչքիս առաջ են, դա մեր մեծապատիվ գյուղացիներն են, երբ բեռնատարներով խաղողը բերել էին վաճառելու գինու կոմբինատներին, ու գնող չկար, իսկ իշխանավորները, ձեռքերը ծալած, բազմել էին գահին՝ մեր եղբայրներին թողնելով արեւի տակ՝ դիտելու դժոխային ֆիլմ։ Պատկերացնո՞ւմ եք, մարդ մի ամբողջ տարի քրտնաջան չարչարվի արեւի տակ եւ վերջում տեսնի, թե իր ողջ տարվա ապրուստի միջոցն ինչպես է ոչնչանում։ Իսկ ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել մի կառավարությունից, որը ղեկը վերցնելուց անմիջապես հետո փակեց մշակույթի, սպորտի եւ գյուղատնտեսության նախարարությունները՝ անունը դնելով օպտիմալացում։ Սրանք այնքան են կտրվել իրականությունից՝ դառնալով առանձնահատուկ մեծամիտ եւ ինքնահավան, որ նույնիսկ հարկ չեն համարում լսել հասարակական կարծիքը, ավելին` «աստղայինն» այնքան է կտրել իրականությունից, որ 3 միլիոն վարչապետները հիմա դարձել են 3 միլիոն հասարակ մահկանացուներ։ Իսկ իրենք, գահին բազմած, դաս են տալիս հասարակ մահկանացուներին։ Եթե մեզանում դեռ կան մարդիկ, որ կարծում են, թե այս ամենը պատահականության արդյունք է կամ սխալ կադրային քաղաքականություն, պետք է ասեմ՝ մեղմ ասած, սխալվում եք։ Սա հատուկ մշակված քաղաքականություն է. հայտնի փաստ է, երբ մարդիկ ապրում են աղքատության մեջ, դառնում են անտարբեր ամեն ինչի եւ բոլոր արժեքների հանդեպ։ Իսկ անտարբեր հասարակությանը կառավարելը հեշտ է, ինչն անում են ներկայիս վախկոտները։ Որպես վերջաբան՝ կասեմ հետեւյալը․ բռնցքամարտի ռինգում հաղթում է նա, ով ավելի համարձակ է, այլ ոչ թե նա, ում համար ավելի շատ երկրպագուներ են եկել։ Այս չարիք պատմությունը եւս բացառություն չի լինի, քանզի դա բնության հրամայականն է։

- Հաճախ է խոսվում, որ մենք տարիներ շարունակ ապրել ենք ադրբեջանցիների հետ կողք-կողքի, հնարավո՞ր եք համարում, որ սյունեցիները նորից այդպես ապրեն։

- Ինչպե՞ս կարող է արարող, ստեղծագործ ազգն ապրել միջինասիական ավազուտներից եկած, մեր պատմական հայրենիքի մեծ մասը զավթած քոչվոր ցեղերի խառնակույտի հետ։ Մենք՝ հայերս, մշակույթ կերտող ազգ ենք, թշնամին՝ վանդալ։ Մենք ունենք տարբեր հավատքի համոզմունքներ, եւ ի, վերջո, ամենակարեւորը` միթե մենք մոռանում ենք վերջին դարերի ընթացքում թուրքի գործած բազմաթիվ վայրագություններն ու ցեղասպանությունը, միթե ողջերս արդեն մոռացել ենք թուրքի` 100 տարի առաջ ստեղծած արհեստական ճյուղի` Ադրբեջանի կողմից ընդամենը 30 տարի առաջ Բաքվում եւ Սումգայիթում իրականացված ջարդերը, մի՞թե մեր մեջ դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե երդվյալ թշնամին կարող է դառնալ դաշնակից բարեկամ։ Եվ, ի վերջո, քոչվոր թշնամին, ի տարբերություն հայերիս, ունի ծրագիր-գաղափարախոսություն` մորթել վերջին հային եւ կյանքի կոչել պանթուրքական ծրագիրը։ Իսկ Հայաստանի ներկայիս իշխանավորները չոքեչոք խաղաղության դարաշրջան են աղերսում։ Դա նույնն է, ինչ սատանային խնդրես` խնձոր հյուրասիրի: Վերջում հպարտորեն պետք է փաստեմ, որ Գորիսում եւ Գորիսի հարակից բոլոր գյուղերում երբեւէ քոչվոր ցեղի ներկայացուցիչ չի ապրել նույնիսկ խորհրդային տարիներին։ Մեր ավագ սերունդը շատ լավ գիտակցել է քոչվորների քայլերի հերթականությունը։

- Կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահել իշխանությունը, քանի որ նախկիններն էին փորձում վերադառնալ, եթե նոր ուժեր գան ասպարեզ, կունենանք այլ արդյունք, եւ հաճախ` որպես այդ նոր ուժի օրինակ, բերում են այն համայնքապետերին, որոնք ՏԻՄ ընտրություններում հաղթեցին իշխող ուժին, վարչական ռեսուրսին։ Եթե հնարավորություն լինի գլխավորել կամ մասնակցել այդպիսի ուժի ձեւավորմանը, Դուք նորի՞ց կհրաժարվեք, ինչպես մանդատից հրաժարվեցիք, թե՞ ոչ։

- Եթե նախկինների կոնտեքստում դիտարկենք, ապա պետք է ասենք, որ ներկա կառավարությունն ամենանախկինն է։ Հիմա եկեք փաստերը դետալավորենք ու հիմնավորենք։ Մենք չենք մոռացել, որ Նիկոլը երիտասարդ տարիներից սկսած եղել է Լեւոնի թիմակիցը եւ ակտիվ ներգրավված է եղել բոլոր իրադարձություններում։ Եվ եթե եղել է թիմակիցը, հետեւաբար` եղել է նաեւ գաղափարակիցը, իսկ մենք՝ բոլորս, ծանոթ ենք Լեւոնի օտարածին աշխարհայացքին։ Նա բազմիցս բացահայտ խոսել է այդ մասին հարցազրույցներում ՝ ասելով, որ այդ հողերը պետք է հետ տանք, քանի որ աշխարհն այդպես է ուզում։ Հարց է ծագում․ իսկ այդ աշխարհն ինչի՞ չի ուզում, որ մեր հողերը մեզ մնան, կամ դա ո՞ր աշխարհն է, մեր մոլորակից դո՞ւրս է։ Ավելին, մենք՝ բոլորս, ավագ սերնդից գիտենք, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա դեմ է եղել պատմական հայրենիքի հողերն ազատագրելուն, դրա մասին բազմիցս խոսել են նաեւ պատերազմի ազատամարտիկները։ Իսկ նրա վարած տնտեսական բլոկը նման է այսօրվա իրականությանը, գուցե մեր սերունդը լավ չի հիշում, այդ թվում՝ նաեւ ես, բայց բոլորս գիտենք մութ ու ցուրտ տարիների մասին, եւ հարց է ծագում` ինչպե՞ս կարող է ատոմակայան ունեցող պետությունն ունենալ էլեկտրաէներգիայի խնդիր։ Եթե մեր երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 45-50%-ն ատոմակայանը կարող էր փակել, հետեւաբար` հզոր արդյունաբերական արտադրություններն ինչո՞ւ կանգնեցվեցին էլեկտրաէներգիայի պատճառով։ Ժողովրդին դարձրին անգործ, իսկ իրենք սկսեցին թալանը․ հումքն ու հաստոցները վաճառելով օտարներին՝ քանդելով ողջ կապիտալը։ Բայց այս թալանի նպատակը միայն փողը չէր, նրանք լուծում էին ավելի գլոբալ խնդիր՝ ջարդել հաղթած ազգի ողնաշարը։

Նախորդ հարցում արդեն ֆիքսել էինք, որ աղքատ հասարակությունը դառնում է անտարբեր ամեն ինչի ու բոլոր արժեքների հանդեպ, ուստի՝ հեշտ կառավարելի։ Իսկ այդ պարագայում մի քանի տարվա ինտերվալում նա կկարողանար ազգակործան ծրագիրը կյանքի կոչել։ Աստծո կամոք, ի պատիվ այդ ժամանակվա մի քանի ազգայնականների, կանխվեց այդ ազգակործան ծրագիրը։ Մենք նաեւ չպետք է մոռանանք 2015 թվականին Լեւոնի հայտնի ելույթը Օպերայի հրապարակում, երբ հայկական քաղաքների անունները փոխած թուրքական անուններով` պատմում էր իր, այսպես կոչված, դարի «կոդավորված պրոյեկտը», ինչն ամբողջությամբ, ցավոք սրտի, տեղի ունեցավ, եւ դեռ շարունակվում է կիսատ մնացածը։ Այս ողբալի ցանկը կարելի է շարունակել բազմաթիվ օրինակներով... Եվ եթե ոմանք իրենց գլխից հանեն «սվառչիկի մասկան», ապա կտեսնեն՝ Լեւոնի կառավարման ժամանակվա պաշտոնյաներից քանիսն են այսօրվա կառավարության կազմում։ Եթե զուգահեռներ անցկացնենք 90-ականների եւ ներկայիս տնտեսական բլոկների միջեւ, ապա այսօր էլ ներդրումներն են վիժեցված՝ հետեւողական կերպով, խոշոր ներդրումները կասեցված են, եւ քրեական գործեր են կարված բոլորի հանդեպ։ Նպատակը կրկին նույնն է, ու այս ամենը հետեւողական կերպով արվում է բոլոր ոլորտներում։ Առայժմ՝ այսքանը «նախկին» կոչված ուրվականի մասին։ Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին եւ հետընտրական շրջանին, կասեմ հետեւյալը. կյանքը, փողոցը մեզ դեռ շատ վաղ տարիքում սովորեցրել են, որ ցանկացած հաղթանակ՝ մեծ, թե փոքր, պետք է տանել ընդգծված կոռեկտ, հանգիստ եւ զուսպ, հակառակ պարագայում, ովքեր ոգեւորվում են եւ ընկնում գլխապտույտի մեջ, շատ արագ հայտնվում են անդունդում։ Դա բնության օրենքն է։ Ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժի ձեւավորմանը, այդ ուժը կա` ի դեմս նախագահ Քոչարյանի։ Մեր պետությունը լաբորատորիա չէ, որ փորձարկումներ անենք՝ ով փողկապ կապել իմանա, պետություն վստահենք, այն էլ` այս բարդ եւ կրիտիկական վիճակում։ Մենք պետք է վստահենք ամենափորձառու եւ հաջողակ մարդուն, որն Արցախի պատերազմական ամենաբարդ վիճակում ղեկավարեց Արցախի պաշտպանության պետական կոմիտեն, եւ ունեցանք փառքով պսակված հաղթանակ։ Այնուհետեւ` 1997 թվականից սկսած, Հայաստանը հանեց պարտադրված տնտեսական ճահճից, եւ ունեցանք տարածաշրջանի լավագույնս զարգացող տնտեսություններից մեկը։ Եվ որ ամենակարեւորն է՝ արտաքին դիվանագիտության բլոկում ներկայանում էինք ամենահերոսական ձեւով, այլ ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի փաստաբանը լինելու առաքելությամբ։ Միջազգային ռինգում՝ ծանրքաշայինների կատեգորիայում, մեր երկրի ներկայացուցիչը պետք է լինի մեր միջի ծանրքաշային փորձառու չեմպիոնը, այլ ոչ թեթեւքաշայինը, որը վերջին 4 տարում անընդմեջ՝ հենց առաջին իսկ ռաունդում, ենթարկվում է նոկաուտի։

- Տեղեկություն կա, որ սահմանազատումից հետո Սյունիքով 2 ճանապարհ է անցնելու, եւ Սյունիքն ամբողջովին ապառազմականացվելու է, այսինքն՝ զորք, զորամասեր չեն լինելու։ Ի՞նչ եք կարծում, Սյունիքն այդ պարագայում անվտա՞նգ կլինի։

- Ճանապարհների մասով ես նման տեղեկություն չունեմ։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, այն վայրից, որտեղից հարցերը գրել եք, եւ այն վայրը, որտեղից ես պատասխանները գրում եմ, կարծում եմ` ներկա իշխանության վարած քաղաքականության արդյունքում նույնիսկ նշված վայրերն անվտանգ չեն։ Աշխարհաքաղաքական իրադարձություններն արագ են զարգանում, եթե ռուս-ուկրաինական պատերազմը սկսվի, ավելի կոնկրետ` Ռուսաստան-Չինաստան-Իրանն ընդդեմ ՆԱՏՕ-ի, կարծում եմ` քոչվոր թշնամի Ադրբեջանը կրկին կհարձակվի։ Բայց սա չի նշանակում, որ պետք է միայն վատը տեսնել, Աստծո կամոք, գուցե պատմական հնարավորություն ընձեռվի` ռուս եղբայրների հետ ազատագրենք մեր պատմական հայրենիքը՝ հասնելով Քուռ-արաքսյան ջրախառնուրդին, պատմական Գանձակին եւ, ի վերջո, սահմանակցենք եղբայրական Ռուսաստանին։ Հուսով եմ՝ չեք մոռացել, որ «անգլիական նավերը մեր սարերը չեն բարձրանում»։

- Ձեզ ԱԱԾ-ի մեկուսարանում են պահում. անգամ դատական նիստերի օրը Գորիսից Երեւան են հասցնում․ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ։ Մի՞թե հնարավոր չէ Ձեզ Գորիսում պահել, ինչի՞ց են վախենում իրավապահները։

- Ձեր հարցի հասցեատերը ես չեմ։ Այդ հարցը պետք է տաք այս ողջ պատմության հետեւում կանգնած սցենարիստին եւ ռեժիսորին։

- Ինչպե՞ս եք Ձեզ զգում կալանքի տակ, ո՞ւմ հետ եք «նստած», ինչի՞ պակաս եք զգում բանտում։

- Աստծո կամոք, լավ եմ։ Թե ինչի պակաս եմ զգում բանտում, կարծում եմ` մարդ, ցանկացած իրավիճակում, ունի 3 տարբերակ` հաղթել, պարտվել կամ պարզապես թողնել ինքնահոսի, որն ուղիղ ճանապարհ է դեպի մահ։ Ես նախընտրում եմ առաջինը եւ պակասի փոխարեն ունեմ ձեռքբերումներ. այն, ինչը ժամանակի սղության պատճառով՝ վերջին 4-5 տարիների ընթացքում, բավարար չափով չէի կարողանում զբաղվել դրսում, հիմա լրացնում եմ․ սպորտ եւ ընթերցանություն։

- Նշեք առաջին բանը, որ անելու եք ազատության մեջ հայտնվելուց հետո:

- Կայցելեմ եկեղեցի, երկնային եւ երկրային թագավորին կխնդրեմ՝ Տե՛ր Աստված, օրհնիր հայ ազգի պայքարը, ցուցաբերիր քո մշտական արդարությունը...