կարևոր
2341 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-15 19:50

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել «Բռնազավթված տարածքների մասին» օրինագծին

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել «Բռնազավթված տարածքների մասին» օրինագծին

Փետրվարի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Թովմասյանի, Դ. Մելքումյանի, Ա. Մոսիյանի, Դ. Գալստյանի, Գ. Բաղունցի, Ա. Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Օրենքի նախագիծը ներկայացրել է Արթուր Մոսիյանը։ Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Նախագիծը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկվել է նախագծի ընդունման առնչությամբ փոփոխություններ կատարել Ընտրական և Քաղաքացիական օրենսգրքերում, « Տեղական հանրաքվեի մասին» օրենքում:

Կառավարության կողմից ևս ներկայացվել են առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են հեղինակների կողմից։

Այնուհետև Արթուր Մոսիյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ օրինագծին առնչվող հարցադրումներին և առաջարկել օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ներկայացնել կից օրենքների փաթեթով։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծի ընդունմանը,և այն դրական եզրակացությամբ ընդգրկվելու է առաջիկա հերթական նիստի օրակարգում։ Վաղը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին հրավիրվելու է ԱԺ հերթական նիստ։

Նախագիծն սահմանում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

«Բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծը համահեղինակել է ԱԺ 5 խմբակցություն: 

Օրենքի նախագծով բռնազավթված տարածքներ են համարվում` Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները:

*ով նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի Հանրապետության կողմից  1991-1994  թվականների պատերազմական գործողությունների հետևանքով, իսկ **-ով և ***-ով նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով:

Նախագծում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և  տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն, ներառյալ լիցենզիա, թույլտվություն, գրանցում պահանջող գործունեություն և ցանկացած շինարարություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները համարվում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ: