կարևոր
4684 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-15 19:35

Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա

Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից փետրվարի 15-ի ժամը 15:30-ի սահմաններում հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: 

Այս մասին հայտարարությամբ տեղեկացնում է Արցախի  Հանրապետության  դատախազությունը։

Ըստ աղբյուրի՝ ԱՀ ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի  նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն, Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ: