26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով.
«Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը:
Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այնուհետեւ այդ երկու երկրների խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագիրը» սպառնալիք է հայկական երկու Հանրապետությունների, հայ ժողովրդի գոյությանը: Ըննդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական մեծամասնությունից պահանջում է միանալ իրենց ու դատապարտել հակահայ հռչակագիրը, սահմանել Հայաստանի կարմիր գծերը:
ՙ«Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շուրջ միավորված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը թյուրքական աշխարհը միավորելու համար «Զանգեզուրի» միջանցքին է ձգտում: Դա փաստացի ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, երրորդ նրանք որոշել են պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:
Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի նշած այս երեք կետն է Թուրքիայի հայտնի նախապայմանները: «Շուշիի հռչակագիրը» եկել է փաստելու, որ Թուրքիան չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից: Առանց նախապայմանների խաղաղության օրակարգը կեղծ է: Նշումէ պատգամավորը:
Այդպիսով, և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը: Որ Թուրքիան առանց նախապայմանների է, պարբերաբար հավաստիացնում էր նաեւ այդ երկրի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը: Իսկ Ադրնաիկ Թևանյանը հակադարձում է՝ առնվազն քաղաքական անմեղսունակություն է հավատալ այդ հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:
Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում: Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և հավելել, որ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա:
Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»:
Հռչակագրի ստորագրման վերաբերյալ անցյալ ամռանը ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ հանդես եկավ՝ դատապարտելի և սադրիչ որակելով Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը։ ԱԳՆ-ն նշում է, որ «դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։ Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»։