կարևոր
5002 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-15 16:05

Մեղադրանքն անհասկանալի է թե՛ պաշտպանությանը, թե՛ դատարանին, թե՛ մեղադրող կողմին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար պարզ չէ իրեն վերագրվող մեղադրանքի էությունը։ Քոչարյանը դատարանին խնդրեց պարզաբանել` ինչ են ուզում իրենից։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։ Մեղադրական կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ 

«Ես իսկապես չեմ հասկանում այս մեղադրանքի էությունը։ Ես պե՞տք է հասկանամ, թե ինչ եմ արել և ինչ չպետք է անեմ։ Չի նկարագրված մի գործողություն, որի բացատրությունը տամ։ Երբ գա անհրաժեշտ պահը, ես պետք է կանգնեմ ամբիոնի մոտ և հարցնեմ` ինձանից ի՞նչ եք ուզում։ Ես ֆանտաստիկ բաներ չեմ ուզում, չէ՞»,–ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ մեղադրանքում նշված է` ինչ-որ վարչատնտեսական լիազորություններ է խախտել, սակայն նման լիազորություններ Սահմանադրությամբ վերագրված էլ չեն ՀՀ նախագահին։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր հերթին հայտնեց` մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն է օգտագործել, սակայն նշված չէ` որ լիազորության մասին է խոսքը։ Նա 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։

«Համոզված եմ, որ մեղադրանքը նույնիսկ պարզ չէ այն քննիչին, ում թելադրել են սա», - ասաց պաշտպանը։Դատարանը 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները կարողանան ներկայացնել մեղադրանքում առկա անհստակությունների հետ կապված իրենց հարցերը։

Ընդմիջումից հետո դահլիճ վերադառնալով՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը բողոք հայտնեց դատավորի գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դատավորը չպետք է թույլ տար փաստաբանին միջամտել ամբաստանյալի հետ դատավորի խոսակցությանը եւ ընդմիջում հայտարարեր՝ չհարցնելով դատախազների կարծիքը։

Փաստաբանը չհամաձայնեց դատախազի կարծիքին եւ կրկնեց, որ մեղադրանքն անհասկանալի է թե՛ պաշտպանությանը, թե՛ դատարանին, թե՛ մեղադրող կողմին։ «Մենք ընդմիջում խնդրեցինք, որպեսզի կոորդինացնենք, թե ով ինչ է ներկայացնելու»,- պարզաբանեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ այսօր պաշտպանությունը պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել։ 

Նրա խոսքով՝ դատախազը պետք է ներկայացներ մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը, իսկ նա ներկայացրեց մի ինչ-որ փաստաթուղթ, որը պաշտպանությունը չունի, եւ խնդրեց դատարանին պաշտպանությանը տրամադրել այդ փաստաթուղթը, եթե դատարանն ունի այն։ «Օրենքը խախտվում է ձեր աչքերի առաջ, դուք դա նորմալ եք համարում եւ առաջարկում եք մեզ նույնն անել»,- նշեց փաստաբանը։

Դատավորը փորձեց անցնել հաջորդ փուլին եւ իմանալ Քոչարյանի կարծիքը մեղադրանքի վերաբերյալ։ Ալումյանը թույլ չտվեց՝ հայտարարելով, որ հարցը սպառված չէ, եւ հրապարակված փաստաթուղթը մնում է անհասկանալի։ Օրինակ, ձեւակերպումն այն մասին, թե օգտագործվել են պաշտոնեական լիազորությունները, ո՞ր լիազորությունները։ Երկրորդ՝ ստացվում է, որ օժանդակություն է ցուցաբերվել հօգուտ Համբարձումյանի գործողություններին, եւ անհասկանալի է, թե ով եւ ինչ գործողություններ է կատարել, որոնց Քոչարյանն  իբր օժանդակել է։ Այսպիսի ձեւակերպումների դեպքում անհնար է պաշտպանություն կազմակերպել, ընդգծեց փաստաբանը՝ ավելացնելով, որ մեղադրանքի անհեթեթությունը պյմանավորված է նրա լղոզվածությամբ, հակառակ դեպքում վաղուց չկայացած կհամարվեր։

Նիստը կշարունակվի այսօր, ժամը՝ 17:50: