կարևոր
2524 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-14 19:35

Ռուբեն Ռուբինյանը և Անդրեյ Ռուդենկոն քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուբեն Ռուբինյանը և Անդրեյ Ռուդենկոն քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- հանդիպման արդյունքների մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը:

Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է խորհրդարանի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Ռուբեն Ռուբինյանը, որը 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել, ապա ընտրվել ԱԺ փոխխոսնակ: 

Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: