կարևոր
1486 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-14 19:08

Ընդդիմադիրները քննիչ հանձնաժողովի ստեղծումը բեմադրություն են համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանական 65 պատգամավորի նախաձեռնությամբ ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հաձնաժողով: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմով է ձեւավորվել հանձնաժողովը: Ընդդիմադիր պատգամավորները պնդում են՝ մամուլից են տեղեկացել իշխանականների նախաձեռնության մասին:

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Հիշեցնում են պատերազմի գլխավոր մեղավորի ու պատասխանատուի մասին Փաշինյանի խոսքերն ու պնդում՝ չի կարող օբյեկտիվ լինել մի հանձնաժողով, որը գլխավորում են ու որտեղ մեծամասնություն են Փաշինյանի թիմակիցները:

Պատերազմի հանգամանքները չպետք է ուսումնասիրեն այն անձինք, որոնց օրոք է եղել պատրազմը: Գեղամ Մանուկյանն ասածը հիմնավորող օրինակներ թվեց. ՀՀԿ-ի օրոք տեղի ունեցած քառօրյա պատերազմը քննության է առնվել, երբ ՀՀԿ-ն այլեւս իշխանության չէր: Իսկ Մարտի մեկի փաստահավաք խմբի ղեկավարը օրվա իշխանությունների ամենասուր ընդդմադիրներից Անդրանիկ Քոչարյանն էր:

Չմասնակցելու պատճառները թվելուց հետո ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի անվանման մեջ «Ադրբեջան» բառը չկա. հարց է առաջանում՝ ո՞վ է սանձազերծել պատերազմը: Ընդդիմադիրների այս քննադատությանն Անդրանիկ Քոչարյանը հեռակա պատասխանեց. չեն գրել, քանի որ գուցե հետո պարզվի այլ պետություններ էլ են մասնակցել պատերազմին:

Քննիչ հանձնաժողովի կազմում արտախորհրդարանական ուժերից էլ դեռ ներկայացուցիչներ չկան: Իսկ փորձագետներից իշխանականների պնդմամբ լավագույներն են ներառված, նրանց թվում է նաեւ պատերազմի օրերին հանրության համար տեղեկատվության միակ աղբյուր հանդիսացող, իսկ պատերազմից հետո այդ տեղեկությունների համար խիստ քննադատված Արծրուն Հովհաննիսյանը:

Այսպիսով, քննիչ հանձնաժողովի կազմում դեռ միայն իշխանական պատգամավորներն են: Ըննդիմությունը որոշել է փաստերի հավաքագրման սեփական գործընթացը սկսել, իսկ իշխող ուժի նախաձեռնությունը բեմադրություն է համարում, որի նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջն ու մեղավոր կարգել ցածր օղակի զինվորականներին ու պաշտոնյաներին, որոնք հետպատերազմական փուլում քննադատել են իշխանություններին: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի պատրաստած տեսանյութում: