կարևոր
2662 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-14 17:05

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցվել, սակայն վիրավորված տուժող ներգրավված չէ

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցվել, սակայն վիրավորված տուժող ներգրավված չէ

Քաղաքագետ, վերլուծաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի առթիվ Հակոբյանն այսօր կանչվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել։

Լրագրողների հետ զրույցում Հակոբյանը նշեց. «Նոյեմբերի 25-ին խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ եմ ունեցել, գնահատականներ եմ  հնչեցրել, հիմքում այդ գնահատականներն էին: Սկզբից ոստիկանություն էին հրավիրել մի 2 ամիս առաջ: Պարզվում է քրգործ են հարուցել եւ որպես վկա-կասկածյալ ես օգտվեցի իմ իրավունքից եւ ցուցմունք չեմ տվել»:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծանր վիրավորանք հասցնելը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված)։ Նրա խոսքով` իր պաշտպանյալը նաև գրավոր հայտարարություն է արել` նշելով, որ այս ամենը որակում է որպես քաղաքական հետապնդում։

«Այս հոդվածը դարձել է գործիք` քրեական հետապնդում իրականացնող մարմինների միջոցով իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Տպավորություն է, որ ոստիկանությունում նոր բաժին է ստեղծվել, որտեղ հավաքված են ծառայողներ, ովքեր վերլուծում են այս կամ այն ընդդիմախոսի ելույթն ու փորձում են հասկանալ` դրանից Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է, թե ոչ»,– նշեց Հարությունյանը։

Քրեական գործի շրջանակներում ոչ ոք ներգրավված չէ որպես տուժող։ Երբ փաստաբանը սկզբում հետաքրքրվել է, թե ում է վիրավորել իր պաշտպանյալը, քննիչն ասել է. «Դե, պարզ է` ում», ու չի նշել որևէ անուն։

Նա ընդգծեց, որ գործը դատարան հասնելու դեպքում կներկայացնեն իրենց բոլոր փաստարկները, որոնք կհերքեն հավանական մեղադրանքն ու քրեական հետապնդում իրականացնող մարմինների դիրքորոշումը տվյալ հարցի կապակցությամբ։ Հակոբյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և Հարությունյանը հուսով է, որ չի էլ առաջադրվի` հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի: