կարևոր
1588 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-14 16:44

Պեկին-2022. Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները

Պեկին-2022. Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները

Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց մրցելույթները Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքի մրցաշարում: Հայաստանի միակ պարային զույգ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հրաշալի ելույթներ ունեցան երկու մրցումային օրերի ընթացքում: Հայաստանի ներկայացուցիչները 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին:

Կարապետյան-Սենեկալ զույգը ազատ ծրագրում հավաքեց 101.16 միավոր և երկու ծրագրերի արդյունքում 167.03 միավորով 18-րդ հորիզոնականում է:

Հավելենք, որ 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերից ոսկե մեդալակիր է դարձել Ֆրանսիայից Գաբրիել Պապադակիս-Գիյոմ Սիզերոն զույգը: Երկրորդ տեղում Ռուսաստանից Վիկտորյա Սինիցինա-Նիկիտա Կասալապով զույգն է, իսկ երրորդ տեղում` ԱՄՆ-ն ներկայացնող Մադիսոն Հաբել-Զաքարի Դոնոհուն:

6 օլիմպիական ունեցող Հայաստանի թիմը Պեկին հասավ 5 մասնակցով: Վերջին պահին լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան էր ստացվել, ինչի պատճառով միակ լեռնադահուկորդը չկարողացավ մեկնել Պեկին: 

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում երկու մեկնարկ ունեցավ Միքայել Միքայելյանը: Փետրվարի 6-ին 23-ամյա դահուկավազորդը մասնակցեց սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում եւ զբաղեցրեց 47-րդ տեղը: Նրա արդյունքը 1:25:53.7 է: Փետրվարի 11-ին Հայաստանի բազմակի չեմպիոնը մասնակցեց դասակով ոճով 15 կմ դահուկավազքին եւ գրավեց 61-րդ տեղը (43:09.1)։

Երկու մեկնարկ ունեցավ նաեւ Կատյա Գալստյանը: Փետրվարի 8-ին 29-ամյա դահուկավազորդը մասնակցեց արագավազքի որակավորման փուլին:  91 մասնակիցների մեջ Գալստյանը 80-րդ տեղը զբաղեցրեց եւ դուրս մնաց պայքարից: Նրա արդյունքը 4 րոպե 48 վայրկյան է: Փետրվարի 10-ին Գալստյանը մրցեց նաեւ 10 կմ դասական ոճում եւ զբաղեցրեց 74-րդ տեղը: Նրա արդյունքն էր 34 րոպե 37.5 վայրկյան: 

Անգելինա Մուրադյանը մասնակցեց իր առաջին Օլիմպիական խաղերին, որը նաեւ 18-ամյա դահուկավազորդի առաջին միջազգային փորձն էր: Մուրադյանը եզրագիծը հատեց 94-րդը։