կարևոր
2944 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-14 15:53

Դաշնակցությունը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ. պաշտոնական հերքում 

Դաշնակցությունը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ. պաշտոնական հերքում 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի լրատվական ծառայությունը պաշտոնական հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 Պաշտոնական հերքում 

ՀՅ Դաշնակցության դեմ ծավալվող սև քարոզչության շրջանակներում տարածվել է հերթական զազրելի սուտը, առ այն, որ վերջերս ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման շրջանակներում ձերբակալվել է իբր Դաշնակցության «Հայդուկ» ջոկատի ոմն հրամանատար: 

Սույնով տեղեկացնում ենք, որ Դաշնակցությունը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ։ Հետևաբար, այն պնդումները, թե իբր այս ջոկատի շտաբը գտնվել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, նույնպես սուտ է: Բացի դրանից՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյությում առկա անձինք ՀՅ Դաշնակցության հետ որևէ առնչություն չունեն, մասնավորապես՝ նրանցից որևէ մեկը դաշնակցական չէ և չի եղել։

Պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել քրեորեն պատժելի այս արարքի հեղինակներին, մասնավորապես՝ սուտ մատնության հատկանիշներով անհապաղ հարուցել քրեական հետապնդում: 

Անբարոյականություն է ուրանալ ՀՅ Դաշնակցության դերակատարությունն ու դաշնակցականների անձանազոհությունը ազատագրական պայքարում: 

Դիմում ենք վերոնշյալ հերյուրանքը տարածած լրատվականներին՝ հրապարակել այս հերքումը։ 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի լրատվական ծառայություն

14.02.2022 թ.