ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը:
Ջանջուղազյանի թեկնածությունը ներկայացրել է ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Հանձնաժողովի անդամ Իշխան Զաքարյանը սատարեց նրա թեկնածությունը՝ համոզվածություն հայտնելով, որ կառույցի համար լավ նախագահ կլինի: Սակայն պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ջանջուղազյանը, ընտրվելով նախագահի պաշտոնում, շատ վատ ժառանգություն կստանա Հաշվեքննիչ պալատի մասին գործող օրենքի առումով: «Գործող օրենքը, ցավոք սրտի, ունի բազմաթիվ թերություններ: Գործող օրենքը ստիպում է ուղղակի, որ այդ կառույցը բազմաթիվ հարցերի մոտենա ձևական, ոչ բովանդակային, ոչ էլ օգտակարության գործակիցը բարձր պահելու առումով»,-ասաց Զաքարյանն ու կարծիք հայտնեց, որ առաջին խնդիրը պետք է լինի օրենքն ուժեղացնելը:
Հանձնաժողովում հավանություն ստանալուց հետո Ջանջուղազյանի թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Ջանջուղազյանը 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել էր ֆինանսների նախարար: