կարևոր
2716 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-14 13:15

Երկրաշարժից հետո 165 հետցնցում է եղել, հավանական է՝ շարունակվեն

Երկրաշարժից հետո 165 հետցնցում է եղել,  հավանական է՝ շարունակվեն

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երեկ ժամը 22։25-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։

«Օպերատիվ հաղորդագրությունից հետո էպիկենտրոնի մասով փոփոխություն է եղել։ Եթե օպերատիվ հաղորդագրության մեջ նշված էր Բավրայից 16 կմ հեռավորության վրա, այժմ նշվում է՝ 13 կմ։ Մագնիտուդն ավելացել է 0,2-ով։ Դա պայմանավորված է նրանով, որ ոչ օպերատիվ աշխատանքներ իրականացնելիս օգտագործում ենք նաև հավելյալ տվյալներ, մասնավորապես՝ հարևան երկրներից ստացած տվյալներ»,-ասաց նա։

«Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 6-7 բալ, Լոռու մարզում՝ 5-6-7 բալ, մի շարք այլ մարզերում՝ Տավուշում, Արագածոտնում, Արմավիրում, Երևանում՝ 3-5 բալ ուժգնությամբ։ Արարատի մարզում նույնպես եղել է 3-4 բալ ուժգնությամբ»,-հավելեց նա։

Մասնագիտական խմբերը գտնվում են մարզերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ, որի նպատակն է երկրաշարժի հնարավոր ազդեցությունների ուսումնասիրումը։

Եթե շատ հին մի կառույցից մի քանի քար է թափվել, դեռ չի նշանակում, որ փլուզում է,  մամուլի ասուլիսին ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը։

«Հետցնցում արդեն կա։ Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է», - ասաց Սոս Մարգարյանը՝ նշելով, թե հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժներին։

Նրա խոսքով՝ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները մի փոքր ավելի տևեն։

«Այո, այս մեկը դառնում է Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժեղ երկրաշարժը»,-ասաց նա՝ հավելելով, որ սա եղել է սովորական երկրաշարժ, պարզապես, քանի որ մագնիտուդը, բարձր է, շատ մարդ է զգացել ու վախեցել, ինչպես դա եղավ անցած տարի Երևանում։

«Ինքը 4,5 մագնիտուդով երկրաշարժ էր, որից աշխարհում տարեկան հազարավոր անգամ տեղի են ունենում»,-ասաց նա։twitter sharing button