կարևոր
1150 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-14 12:30

Փետրվարի 14-ը լեգենդար Պետոյի հիշատակի օրն է

Այսօր Արցախյան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, «Մարտական խաչ առաջին աստիճանի» և «Ոսկե արծիվ» շքանշանակիր, ԼՂՀ ՊԲ մայոր (1996, հետմահու), ՀՅԴ կուսակցության անդամ (1990) Պետրոս Ղևոնդյանի՝ լեգենդար Պետոյի հիշատակի օրն է:

Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1990 թվականից Պռոշյանի կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար մասնակցել է Տավուշի, Նոյեմբերյանի, Զանգեզուրի, ԼՂՀ Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քարվաճառի շրջանների ու Գետաշենի ենթաշրջանի ազատագրական մարտերին:

1992թ. նոյեմբերի 1-ին կազմավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը: Պետոն նշանակվեց նրա փոխհրամանատար: 1993թ. հունվարին Սրխավենդում նա ԻԳԼԱ-ով խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցեց զոհված ընկերների ընտանիքներին:

Որ ճակատում էլ եղավ Պետոն, որ մարտին էլ որ մասնակցեց, մշտապես մնաց նույն հոգատար ընկերն ու հրամանատարը, համեստ ու լռակյաց զինվոր:

«Բարև հարգելի ընկեր Հրանտ։ Երևանից ստացված լուրերը տղերքը պայթուցիկի զորությամբ եմ ընդունում։ Այդ քաղաքական ինտրիգաններին ու «վայ» հայրենափրկիչներին մի կերպ համոզիր, ուղարկիր այստեղ։ Մի քիչ քրիստոնյա, մի քիչ հայ դարձնենք։ Կդարձնենք, գիտես։ Տղերքը այստեղ արյուն ու քրտինք են թափում ու ուզում են համոզված լինեն, որ իզուր չէ այս ամենը։ Որոշները վհատվում են, բայց հին տղերքը կանգնած են։ Մխիթարվում եմ, որ Ասկոլկայի նման լուսավոր մարդ կա աշխարհում։ Արթուրն ու Էրիկը, Մարտակերտի Նորիկն ու Ռադիկը, որպես պահապան սյուն պահում են տղերքին։ Իրարով մխիթարվում ենք։ Ասկոլկայի մոտ ունենք 56 հոգի, 42 հոգի Հադրութում, էս վերջին մեկ ամսում բավականին կորուստներ ունեցանք։ Ձեռքերս դողում են, երբ նայում եմ զոհվածների և վիրավորների ցուցակներին։ Այդտեղ կամ թե եվրոպաներում ինչ շահարկումներ են տեղի ունենում՝ մեր գործը չէ, մենք, գիտես, ընկեր Հրանտ, միչև վերջ կռվելու ենք, չենք թողնելու, որ պսակը դառնա խարամ։ Խմբերին ուղարկեք իրենց հանդերձանքով։

Էհ՜, ի՞նչ ասեմ, ցտեսություն ընկեր…»:

1994 թ. հունվարին Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ` Օմարի լեռնանցք` տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում և իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը:

Զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենայի անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին և միայնակ դուրս բերում վիրավոր զինվորին: Նա զոհվում է ականի պայթյունից:

Պետոյի անունն են կրում Եղեգնուտի և հարազատ Պռոշյանի դպրոցները: 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։ 2007թ. ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ սովորել է Պետրոսը, նրա անունը կրող լսարան է բացվել: 1994 թ. լույս է տեսել Համլետ Գևորգյանի «Պետոն» գիրքը:

1996թ. Պետոյին հետմահու շնորհվել է ԼՂՀ ՊԲ մայորի կոչում: 2001 թ. Պետրոս Ղևոնդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշաններով:

Պետոյի աճյունն ամփոփված է հայրենի գյուղի Ազատամարտի («Զորաց») պանթեոնում:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի (Արցախի Շահումյանի (Քարվաճառի) շրջան) միջնակարգ դպրոցները։

2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թ. ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ:

Պետրոս Ղևոնդյանը հետմահու (2000 թ.) արժանացել է Արցախի հերոսի կոչման:

ՀՅԴ Պռոշյանի Կոմիտեի անդամները տեղեկացրին, որ Պետոյին նվիրված յուրաքանչյուր միջոցառում կազմակերպվում է ըստ պատշաճի. գյուղի՝ հերոսի անունը կրող դպրոցում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվում են գյուղի Ազատամարտի պանթեոնում: 

Պետոյին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում նաև ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կենտրոնում:

2020 թ. Փաշինյանի իշխանության ստորագրած ստորացուցիչ հայտարարությամբ առանց կրակոցի թշնամուն հանձնվեց Քարվաճառի շրջանը, և Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի դաշնակցական ընկերները հերոսի նահատակության վայրում գտնվող հուշաքարը տեղափոխեցին Հայաստանի Հանրապետություն՝ ապագայում այն վերստին իր տեղում տեղադրելու մեծ հավատով։

Նույն իշխանությունների դավադիր գործողությունների արդյունքում թշնամին այսօր ժամանակավորապես տիրում է նաև Արցախի երկու գյուղերի՝ Եղեգնուտի (Քարվաճառի շրջան) և Տիգրանաշենի (Քաշաթաղի շրջան)՝ լեգենդար Պետոյի անունը կրող դպրոցներին։