կարևոր
2113 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-14 12:11

Գործող իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել. ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին քննիչ հանձնաժողովի նիստին

Գործող իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել. ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին քննիչ հանձնաժողովի նիստին

Ազգային ժողովում այսօր կայացել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Այսօրվա նիստի մեկնարկին ներկա էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Գեղամ Նազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

Ընդդիմադիրները կրկին պնդեցին՝ որ գործող իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել.

«Իշխանությունը մի կողմից հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն և առաջին մեղավորն ինքն է, այս պայմաններում նրա մասնակցությամբ այս հանձնաժողովի աշխատանքների իրականացումը չի կարող օբյեկտիվ լինել: 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը և հանրությանը ներկայացնելը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ այդ աշխատանքնմերը պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ գործող իշխանությունն այլևս չլինի իշխանության: Այն իշխանությունը, որն ունի պատասխանատվությունը, որի օրոք տեղի է ունցել այդ իրադարձությունները, նրա գլխավորությամբ իրականացվող աշխատանքը չի կարող ունենալ օբյեկտիվություն»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ նկատեց, որ օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է պատերազմ։

«Մենք հիմա լքում ենք դահլիճը և եթե մի օր նպատակահարմար գտնենք, կարող է գանք և մասնակցենք նիստին»,-նշեց Գեղամ Մանուկյանը, ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ օրերս «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության նախաձեռնությամբ է ստեղծվել այս հանձնաժողովը: Հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Քննիչ հանձնաժողովի լիազորությունների  ժամկետը սահմանված է 6 ամիս:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները, և որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։