կարևոր
3214 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-13 11:16

Տոնի գլխավոր հերոսները նորապսակներն ու սիրահարներն են. Հայաստանը տոնում է Տեառնընդառաջը

Տոնի գլխավոր հերոսները նորապսակներն ու սիրահարներն են. Հայաստանը տոնում է Տեառնընդառաջը

Տեառնընդառաջը (Տրնդեզ) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:

Փետրվարի 13-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կմասնակցի Երեկոյան ժամերգության, որի ավարտից հետո տեղի կունենա Տեառնընդառաջի նախատոնակը։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է:

Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը` որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Այդ օրը սովորաբար եկեղեցիների բակում մեծ խարույկ են վառում: 

Տրնդեզի ակունքները տանում են դեպի հեթանոսություն, երբ կրակի պաշտամունք կար, և տոնակատարությունը նվիրված էր Միհր Աստծուն։ Տոնակատարության իմաստն արևի ազդեցությունն ուժեղացնելն էր` կրակի օգնությամբ սառնության վրա ազդելով։

Տոնակատարության գլխավոր մասնակիցները երիտասարդ տղաներն ու աղջիկներն են, նորապսակները կամ նրանք, ովքեր նոր են պատրաստվում ամուսնանալ։ Տոնի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով ցատկում են երիտասարդները։ Համարվում է, որ ցատկելու ժամանակ չի կարելի ձեռքերը բաց թողնել, որպեսզի միությունն ամուր լինի։ Մինչ երիտասարդ տղաներն ու աղջիկները ցատկում են, մեծերը նրանց վրա ցորենի ու կանեփի սերմ են լցնում։ Հնում հավատում էին, որ ծիսակատարության ժամանակ խարույկը նորացման, նոր կյանքի էներգիա է ստանում։

Երիտասարդներից հետո խարույկի վրայով ցատկում են մեծերն ու երեխա չունեցող կանայք, հետո բոլորը միասին` միմյանց ձեռք բռնած, շուրջպար են բռնում կրակի շուրջ։