կարևոր
2971 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-12 18:33

«Շուշիի հռչակագիրը» սպառնալիք է հայկական պետությունների համար. «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է շրջանառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այնուհետեւ այդ երկու երկրների խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագիրը» սպառնալիք է հայկական երկու Հանրապետությունների, հայ ժողովրդի գոյությանը: Ըննդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական մեծամասնությունից պահանջում է միանալ իրենց ու դատապարտել հակահայ հռչակագիրը, սահմանել Հայաստանի կարմիր գծերը:

ՙ«Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շուրջ միավորված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը թյուրքական աշխարհը միավորելու համար «Զանգեզուրի» միջանցքին է ձգտում: Դա փաստացի ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, երրորդ նրանք որոշել են պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: 

Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի նշած այս երեք կետն է Թուրքիայի հայտնի նախապայմանները: «Շուշիի հռչակագիրը» եկել է փաստելու, որ Թուրքիան չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից: Առանց նախապայմանների խաղաղության օրակարգը կեղծ է: Նշումէ պատգամավորը:

Այդպիսով, և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը: Որ Թուրքիան առանց նախապայմանների է, պարբերաբար հավաստիացնում էր նաեւ այդ երկրի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը: Իսկ Ադրնաիկ Թևանյանը հակադարձում է՝ առնվազն քաղաքական անմեղսունակություն է հավատալ այդ հայտարարությանը: 

«Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության նախագիծը «Հայաստան» խմբակցությունը դրել է շրջանառության մեջ: Եթե իշխող ուժը դեմ քվեարկի նախագծին, ըստ ընդդիմադիրների, դա կնշանակի, որ քաղաքական մեծամասնությունը ողջունում է մեր երկրի համար սպառնալիք համարվող թուրք-ադրբեջանական հռչակագիրն ու գործում Հայաստանի անկախության հռչակագրի դեմ: Քանի որ նախկինում ընդդիմության հայտարարության նախագծերն իշխող ուժը մերժում էր՝ պատճառաբանելով, որ դրանք ներքաղաքական են ու իրենց թիմին քննադատող, իսկ «Շուշիի հռչակագրի» դեմ ուղղված նախագծում «Հայաստան» խմբակցությունը ներքաղաքական բովանդակություն չի ներառել:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: 

Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:

Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում: Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և հավելել, որ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա:

Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»:

Հռչակագրի ստորագրման վերաբերյալ անցյալ ամռանը ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ հանդես եկավ՝ դատապարտելի և սադրիչ որակելով Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը։ ԱԳՆ-ն նշում է, որ «դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։ Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»։