կարևոր
2512 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-12 18:03

Աշխատողներն ու գործատուները թող կրկին ուշադիր լինեն. պատգամավորը ներկայացնում է ՍԴ տարեկան հաղորդումը

Աշխատողներն ու գործատուները թող կրկին ուշադիր լինեն. պատգամավորը ներկայացնում է ՍԴ տարեկան հաղորդումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է 2021 թվականի տարեկան հաղորդումը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պարզաբանում է.

«Հաղորդման մեջ հատուկ ընդգծվել է մեր դիմումի հիման վրա՝ ՊՇՌ թեստավորման վերաբերյալ ՍԴ որոշումը, որով ոչ միայն ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ էր ճանաչվել աշխատողների իրենց հաշվին ծախսերը կատարելու հրամանով դրված պարտականությունը, հստակ վերլուծվել էր նվազագույն ամսական աշխատավարձի և թեստերի ծախսերի անհամաչափությունը, այլ նաև ուղիղ նշվել էր «առաջացած իրավիճակը ենթադրում է․․․ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ սոցիալական համերաշխության օրակարգով»։ Այս ձևակերպումը կրկին ընդգծվել է տարեկան հաղորդման մեջ։

Որպես ընդհանուր հետևություն ՍԴ որոշումների վերաբերյալ նշվել է հետևյալը․ «Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված հիմնախնդիրներն անհրաժեշտ իրավական լուծումներ ստանալու ՓՈԽԱՐԵՆ կասկածի տակ են դրվում անգամ Սահմանադրական դատարանի որոշումները կամորոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները»։

Պարզաբանման կարգով, Սահմանադրական դատարանն առհասարակ հաղորդակցվում է կամ որոշումներով կամ տարեկան հաղորդումներով։ Այժմ շատ պարզ վարժությամբ կարելի է կռահել ում է ուղղված այս դիրքորոշումը․․։ Կարծում եմ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների, բեմադրության նպատակ հետապնդող քննիչ հանձնաժողովից խոսելու փոխարեն ճիշտ կանեն, «խոսեն» ու շատ «խոսեն» ՊՇՌ թեստերի և դրա վերաբերյալ ՍԴ որոշումից, իսկ սիրելի աշխատողներն ու գործատուները թող կրկին ուշադիր լինեն այս հանգամանքի վրա»,- ամփոփում է պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացվել՝ անուղղակի պարտադիր պատվաստումների և  ՊՇՌ թեստ հանձնելու անօրինական պահանջի հակասահմանադրականության հաստատման վերաբերյալ: 2021թ.-ի դեկտեմբերի 23-ի նիստին Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական են ճանաչվել Առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ: ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի  եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր: