Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել։
ՌԴ արտգործնախարարությունից հայտնում են, որ Լավրովը Բլինկենի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» մասին քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում:
Լավրովը Բլինկենի հետ զրույցում նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծերին Արևմուտքի արձագանքն անտեսում է ՌԴ-ի համար առանցքային դրույթները։
Սերգեյ Լավրովը հիշեցրել է գործողությունների անթույլատրելիությունը, որոնք խախտում են ամենաբարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները եվրատլանտյան տարածքում անվտանգության անբաժանելիության վերաբերյալ։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների առաջնային այլ հարցերի։
Հավելենք, որ այսօր սպասվում է նաև Պուտին-Բայդեն հեռախոսազրույց: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին հեռախոսազրույցներ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: