կարևոր
1741 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-12 12:40

34 տարի առաջ այս օրը Արցախյան շարժման սկիզբը դրվեց Հադրութում

34 տարի առաջ այս օրը Արցախյան շարժման սկիզբը դրվեց Հադրութում

1988 թվականի փետրվարի 12-ը տեղի ունեցավ երկրաշարժի պես մի բան, որի էպիկենտրոնը գտնվում էր Հադրութում եւ որի ալիքները սփռվեցին ողջ Արցախով ու Հայաստանով:

1988 թ. փետրվարի 12-ին Ստեփանակերտում, Մարտակերտում, Ասկերանում և Հադրութում տեղի ունեցած կուսակցական-տնտեսական ակտիվների ժողովների մասնակիցները միանշանակորեն արտահայտվեցին Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու օգտին:

Դեռ փետրվարի 11-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի էր ունենեցել մարզկոմի բյուրոյի նիստը, որտեղ որոշվել էր մարզկենտրոնում և շրջաններում անցկացնել կուսակցական, տնտեսական ակտիվի հանդիպումներ եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները` ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա, ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու մտադրությունները:

Փետրվարի 11-ին Բաքվից Ստեփանակերտ ու Հադրութ ժամանեց մի մեծ իշխանական պատվիրակություն: Ստեփանակերտ ժամանեց Ադրբեջանի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովը եւ շրջխորհրդի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովը, իսկ Հադրութ՝ Օսիպովը, որը մարզի 2-րդ դեմքն էր: Օսիպովը եւ Կեւորկովը ղեկավարվում էին Բաքվից:

Իրենց առաքելությունն այն էր, որպեսզի կուսկոմիտեների միջոցով որոշում կայացնեն, որ շարժումը «ազգայնամոլական ու ծայրահեղական է»: 

Կևորկովը սպառնում է, թե անջատականները տեղ չունեն Ղարաբաղում, մարզը եղել եւ մնալու է Ադրբեջանի անքակտելի մասը: Կոնովալովը հայտարարում է, որ անուն առ անուն գիտի ծայրահեղականներին և անջատականներին, ովքեր պետք է մեկուսացվեն հասարակությունից:

Սակայն ակտիվի նիստը չի ընթանում այն սցենարով, որը պատկերացնում էին Բաքվում: Ելույթներ են ունենում Ստեփանակերտի ձեռնարկությունների ղեկավարները և դատապարտում Բաքվի` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականությունը: Ստեփանակերտի ավտոշարասյան պետ Մաքսիմ Միրզոյանն իր ելույթում մեղադրում է Կևորկովին ու  Բաքվի քաղաքականությունը, որի նպատակը մարզի հայաթափումն էր: Պրոֆտեխուսումնարանի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը պաշտպանում է Միրզոյանին և իր հերթին քննադատում մարզկոմի և քաղկոմի սոցիալ-տնտեսական քայլերը: Մետաքսի կոմբինատի  տնօրեն Ռադիկ Աթայանը, Միրզոյանի նման, առաջարկում է ԼՂԻՄ-ի կարգավիճակի հարցը որոշել հանրաքվեով:

Հադրոթւոմ ևս նիստը հանգիստ չէր ընթանում: Երեկոյան շրջկոմը շրջապատված էր մարդկանցով՝ մարդիկ գալիս էին շրջաններից եւ հավաքվածների ընդհանուր թիվը հասնում էր երկու հազարի: Տեղի ունեցավ հանրահավաք: 

Հանրահավաքի կազմակերպիչներն էին Հադրութի երկրագիտական ​​թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ՝ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը, «Կռունկ» կոմիտեի անդամներ, որը հետագայում վերածվեց «Ղարաբաղ» կոմիտեի, Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանը և այլոք։

Արցախյան շարժման ընդհատակյա փուլի կազմակերպիչներից, այն ժամանակ Արցախի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հուշերի համաձայն՝ 1988 թվականի հանրահավաքների սկզբում Արցախում ընդհատակյա աշխատում էր մոտ 150 մարդ։ Նրանք նախապատրաստվել են ապագա հանրահավաքներին, կազմակերպել են կուսակցական և պետական ​​մարմիններին ուղղված կոչերի ու կոչերի ստորագրահավաք, թռուցիկներ բաժանել, աշխատել մարդկանց հետ։

Այդպես մեկնարկվեց քաղաքացիական անհանգստության շրջանը: Հաջորդ օրերին բոլոր հիմնարկները ու տնտեսությունները որոշում կայացրեցին խզել բոլոր կապերը Ադրբեջանի համապատասխան ատյանների հետ: Շատ էին դեպքերը, երբ Հադրութ բարձրաստիճան ղեկավարներ էին գալիս, սակայն ժողովուրդը միանգամից հավաքվում էր Շրջկոմի շենքի մոտ ու դուրս էր հրավիրում նրանց:

Չնայած փետրվարի 12-ի կուսակցական ակտիվի ժողովները Ստեփանակերտում, Հադրութում և մյուս շրջաններում  տապալվում են, սակայն Հադրութում սկսված հանրահավաքը հաջորդ օրը տեղափոխվում է Ստեփանակերտ, շարժումը դառնում է անշրջելի:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը պատմում է այդ օրերի մասին.

«1988թ. փետրվարի առաջին տասնօրյակում Մոսկվայում Արցախի հերթական պատվիրակությունը նոր առաքելություն էր իրականացնում, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը սպառնալից քայլեր է ձեռնարկում արցախահայության արդար ձայնը խլացնելու համար:

Այդ նպատակով Ստեփանակերտ էր ժամանել Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովը՝ իր հետ բերելով վարչական մարմինների մի խումբ պատասխանատու աշխատողների, որոնք փորձել են հենց սկզբից մարել Շարժումը: Բաքվից ժամանած պաշտոնյաները սպառնալիքներ էին տեղում կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներում՝ արտահայտելով «ծայրահեղականների և ազգայնամոլների» հետ հաշվեհարդար տեսնելու իրենց մտադրությունը:

Անկոչ հյուրերի լկտի պահվածքն է՛լ ավելի շիկացրեց մթնոլորտը՝ սաստկացնելով ժողովականների և, ընդհանրապես, ժողովրդի վրդովմունքը: Շրջկենտրոններում տարերայնորեն սկսվեցին ցույցեր ու հավաքներ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դրանք հրահրված էին հենց Բաքվից ժամանած պաշտոնյաների բացահայտ ժխտողական կեցվածքով: Սակայն ակտիվի մասնակիցները խիստ հակահարված տվեցին Կոնովալովին, որը ստիպված թողեց նիստը: Բաքվի էմիսարները խուճապի են մատնվել` մանավանդ, որ շենքի մոտակայքում հանրահավաք էր: Նույն օրը հանրահավաքներ են կազմակերպվել նաև մյուս շրջաններում», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

Զրուցակցի կարծիքով՝ ժողովրդի ծոցից ելած և նրա շահերն արտահայտող մեր հայրենակիցներն այն ժամանակվա համար համարձակ ելույթներով, քննադատական խոսքով հակահարված տվեցին նախօրոք սերտած կեղծ բառապաշարով եկած պաշտոնյաներին, ինչը, փաստորեն, ցույց տվեց ժողովրդի անհողդողդ կամքը, նրա նպատակների լրջությունը:

Հադրութն այսօր բռանզավթված է թշնամի Ադրբեջանի կողմից: