կարևոր
2509 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-12 12:13

Պեկին-2022․ Հայաստանի պարային զույգն այսօր ելույթ կունենա գեղասահքում

Պեկին-2022․ Հայաստանի պարային զույգն այսօր ելույթ կունենա գեղասահքում

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանը կունենա պատմական մասնակցություն: 16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից կունենա գեղասահքում: Պարային զույգերի կարճ ծրագրում ելույթ կունենա Թինա Կարապետյան-Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը:

Գեղասահքի կարճ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ից: Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հանդես կգան երրորդ ենթախմբում:

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում ընդգրկված Golden Spin of Zagreb 2015 մրցաշարի բրոնզե մեդալակիր է, Bavarian open միջազգային մրցաշարում դարձավ արծաթե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչ պարային զույգը 2016 թվականին մասնակցել է Սլովակիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրել 18-րդ տեղը:

Նյու Յորքում անցկացված Lake Placid Ice Dance Championships-ում բրոնզե մեդալ նվաճելուց հետո, զույգն անհաջող հանդես եկավ նույն թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում՝ չհաղթահարելով կարճ ծրագիրը:

2017 թվականից Հայաստանի պարային զույգը սկսեց պայքարը Փհենչան-2018 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հայաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր, որին այս մրցաշարում արժանանում էին 1-6-րդ տեղ գրաված գեղասահորդները:

2018 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ձախողված մրցելույթներից հետո Թինա Կարապետյանը հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս Սիմոն Սենեկալին եւ փնտրում է նոր զուգընկեր Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու համար:

2020-ին պարային զույգը վերամիավորվեց եւ սկսեց պայքարը 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

2021 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի միակ պարային զույգը գեղասահքում նվաճեց Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում վաստակեցին 173.03 միավոր և գրավեցին չորրորդ տեղը: