կարևոր
1609 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-12 00:02

Փետրվարի 12-ին երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է. միջոցառումների ժամանակացույց

Փետրվարի 12-ին երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է. միջոցառումների ժամանակացույց

Փետրվարի 12-ին երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 16 տարի Արարատյան Հայրապետական թեմի  առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ: Առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 

Այս տարի տոնական միջոցառումների շարքում ընդգրկված են հետևյալ ծրագրերը.

  • Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում 
  • 9:30-ին Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: 
  • 10:00-ին Ս. Սարգսի աջը կբերվի եկեղեցի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը կբաշխվի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Սուրբ Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
  • 11.00-ին Տոնական Ս. Պատարագ՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:  Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում նրանք երկուսն են՝ Առաջնորդանիստ և Նոր Նորքի Ս. Սարգիս:
  • Զինվորների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում
  • Պարգևատրում: Այս տարի 7-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ կպարգևատրվեն արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից 20 զինվորներ: Ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 
  • 14.30-ին Խոնարհումի այց Եռաբլուր:  Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Ս. Սարգսի տոնի օրը կայցելեն Եռաբլուր զինվորական պանթեոն: Նրանք կմասնակցեն Հոգեհանգստայն կարգի, աղոթք կառաքեն այստեղ հանգչող զինվորների հոգիների խաղաղության համար ու իրենց խոնարհումը կբերեն նրանց շիրիմներին: 

Նկարչական ցուցահանդես՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին: Կազմակերպում են Հայաստանի նկարիչների միությունն ու Համաշխարհային հայ նկարիչների միությունը:

Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: