կարևոր
982 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-11 19:46

Թուրքական հասարակության ընկալման մեջ հայը, Հայաստանը թշնամի է առնվազն 100 տարի. Ռուբեն Մելքոնյան

Թուրքական հասարակության ընկալման մեջ հայը, Հայաստանը թշնամի է առնվազն 100 տարի. Ռուբեն Մելքոնյան

«Այսօր մենք գործ ունենք մի պետության հետ, որը մոտ 100 տարի իր հասարակությանը, իր քաղաքականությունը՝ ներքին ու արտաքին, կրթական համակարգ, կառուցել է հակահայկականության վրա»,-  «Հաշտեցում Բայրաքթարների տակ» թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ սա հասարակությանը պետք է ասել, իսկ իշխանությունները ներկայացնում են մի այլ Թուրքիա, ինչը հանցավոր մոտեցում է։

«Հաճախ ինձ մոտ տպավորություն է, որ ես 20 տարի ուսումնասիրել եմ այլ երկիր, ինչ հրաշալի երկիր է, ինչ լավ պրոհայկական  քաղաքականություն է վարել Հայաստանի նկատմամբ, և մենք այդ ամեն ինչը չենք տեսել։  Խոսում են մարդիկ, որոնք գիտելիքի մինիմալ  պաշար էլ չունեն  Թուրքայի մասին, իրավունք չունեն նման տգետ ձևակերպումներ անել»,- ասաց թուրքագետը։

Նա ընդգծեց, որ թուրքական հասարակության ընկալման մեջ հայը, Հայաստանը թշնամի է առնվազն 100 տարի։ Մելքոնյանը վստահ է, որ Թուրքիայի այս իշխանության մոտ էլ որևէ բան չի փոխվել, եթե նույնիսկ փոխվել է` դեպի վատը։ «Հայաստանը, լինելով թուրքական թիրախ, այնուամենայնիվ, անցնող տասնամյակներում կարողացել է արժանապատվորեն իրեն պահել, չգնալ թուրքական տարատեսակ նախապայմաններին, պահել է իր  երկրի արժանապատվությունը,  դրա շնորհիվ ավելի մեծ հարգանք, ավելի մեծ գործոնի դեր է ունեցել, քան այս պարտվողական, հաշվետվողական տրամադրությունների կոնտեքստում»,- ասաց Ռ.Մելքոնյանը։

Նրա ներկայացմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում երկու  կոմպոնենտ կա. առաջին՝ սահմանների բացում և  դիվանագական հարաբերություններ ունենալ, երկրորդ՝  հաշտության գնալ, որը վերաբերում է  տարատեսակ խնդիրներին՝ Հայոց ցեղասպանության, պատմական տարբեր խնդիրներ, Արցախի և այլն։

«Այս երկու  կոմպոնենտները պետք է առանձնացնել, բայց ստացվում է  այնպես, որ  այսօրվա իշխանական քարոզն այնպիսին է, որ  այս երկուսը միացնում են իրար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմաններ բացեն, դրա դիմաց  Ցեղասպանության, Արցախի, Կարսի պայմանագրի հարցեր լուծել շատ արագ ու վերջացնել։ Օրինաչափորեն էլ այդպես չի կարող լինել, քանի որ  երկու հասարակությունների միջև կա խորքային, դարավոր կարծրատիպեր, մոտեցումներ։ Առաջին քայլը, որ պետք է արվի,  առանձնացնել այս երկու կոմպոնենտները»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ունենալը, հաստատելը լրիվ այլ բան է, հաշտության գնալը լրիվ այլ բան է։

«Մենք դրա օրինակն ունենք՝ մեր բարեկամ Հունաստանի միջոցով։ Հունաստանի և Թուրքիայի միջև կան համանման խնդիրներ՝ հույների ցեղասպանության հարց, տարածքային հարց, Կիպրոսի հարց, բայց Հունաստանի և Թուրքիայի միջև կան բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ, նրանք ՆԱՏՕ-ում գործընկերներ են, բայց որևէ հույն, որևէ հունական իշխանություն երբեք չի գնացել այն քայլին, որ իր հասարակությանն ասի՝ գիտե՞ք, այդ «ոչմիթիզականությունը» ռաբիսություն է, Ստամբուլին Կոստանդնուպոլիս ասելը ռաբիսություն է, պատմական հունական տարածքներից հրաժարվելը, թեկուզ գաղափարական իմաստով, լավ բան է, չհրաժարվելը՝ հետամնացություն։ Այսինքն, հունական օրինակը մեզ համար կարող է լինել դասական օրինակ, թե ինչպես կարելի է Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ՝ չհրաժարվելով արժանապատվությունից»,- ընդգծեց Մելքոնյանը։

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի առաջ քաշած երեք նախապայմանին ավելացել են նորերը. Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններ կհաստատվեն, երբ Հայաստանը դադարեցնի անցյալի հիման վրա թշնամանքի տարածումը՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։

Սրան, ըստ մելքոնյանի, Հայաստանից պատասխանում են՝ այդ հարցը Հայ դատի, Սփյուռքի տարբեր կառույցների խնդիրն է։ Այսինքն Հայաստանը կարծես հրաժարվում է այս  խնդրից և Թուրքիայի տեսանկյունից Հայաստանից եկող դրական մեսիջ է։

Նոր ավելացած նախապայմանն էլ «Զանգեզուրի միջանցքն է», որի մասին խոսվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրում»։ «Սա Սյունիք ներխուժելու, այնուհետև ամբողջ Սյունիքը զավթելու քաղաքակիրթ ձևակերպում է, այստեղ տեսնել տնտեսական որևէ բան, ուղղակի բացահայտ կեղծիք է»,- նշեց նա։

Ռ. Մելքոնյանն անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, որ «Հայաստանը պետք է դաս քաղի վերջին պատերազմից,  և մենք դաս ենք տվել, եթե այդ դասը քաղել է Հայաստանը, ուրեմն մենք  կկարողանանք հարաբերություններ հաստատել», նշեց, որ սա,  դիվանագիտության ամենաէլեմենտար նորմին ծանոթ մարդը կհամարի դիվանագիտական ամենակոպիտ վիրավորանք, որին կարող են հաջորդել տարատեսակ հայտարարություններ, պրոցեսներ, բայց այս իշխանությունների համար Էրդողան, Ալիև, Չավուշօղլու և ուրիշներ, կարծես երբևէ թշնամու ընկալում չունեն։

«Այս իշխանությունները շատ արագ կարձագանքեն Աշոտ Երկաթին, տարբեր գեներալներին, Հայաստանի նախկին նախագահներին, տարատեսակ հայտարարություններ կանեն։ Արտաքին և ներքին որոշ շրջանակների թիրախները հենց նույն մարդիկ ենք, շրջանակները, որոնք ազատագրել են հայրենիքի մի մասը»,- ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Աղբյուր` Panorama.am