կարևոր
1129 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-11 19:23

Բրյուսելում մեկնարկել է Եվրախորհրդարանի Արցախի հետ բարեկամության վերակազմավորված նոր խումբը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրյուսելում մեկնարկել է Եվրախորհրդարանի Արցախի հետ բարեկամության վերակազմավորված նոր խումբը, որ վերաձեւավորվել է Արցախյան երրորդ պատերազմից անմիջապես հետո։ Այս խմբի անդամ բոլոր եվրախորհրդարանականները միշտ աչքի են ընկել իրենց նվիրվածությամբ թե մարդու իրավունքների եւ թե իրենց սկզբունքայնությամբ։ Մեկնարկին ներկա էր նաեւ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Դավիթ Բաբայանը կարևորել է  համահայկական կառույցների դերակատարությունը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման և խորացման գործընթացում՝ երախտագիտություն հայտնելով Հայ Դատին և նրա ստորաբաժանումներին՝ տարիներ շարունակ իրականացրած հետևողական աշխատանքի համար։

Արցախի հետ բարեկամության խումբն աչքի է ընկնում եվրախորհրդարանի գլխավոր քաղաքական խմբակցություններից պատգամավորների լայն շրջանակի մասնակցությամբ։ Մեկնարկի ընթացքում եվրապատգամավորներին հանգամանորեն ներկայացվեց 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանությունը, որի հիմքում տասնամյակներով Ադրբեջանում պետական հովանավորչությամբ քարոզվող եւ խորապես արմատացած հայատյացությունն է։ Խմբի վերակազմավորման գործում մեծ ավանդ ունեն Ֆրանսիայից եվրապատգամավորներ Ֆրանսուա Ալֆոնսին եւ Սիլվի Գիյոմը, ինչպես նաեւ Նիդերլանդներից եվրապատգամավոր Փիթեր վան Դալենը։ Յուրաքանչյուրն ունի Արցախի եւ արցախցու կողքին լինելու անձնական իր  շարժառիթը.

Սիլվի Գիյոմի խոսքով կարեւոր է Արցախի հարցը օրակարգում պահել եւ չթողնել, որ այն անուշադրության մատնվի։ Հիմնական նպատակն է ազդեցություն ունենալ Եվրահանձնաժողովի վրա։ 

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախի եւ Հայաստանի առջեւ ծանրացած խնդիրները չվերանան միջազգային օրակարգից։ Այստեղ Բրյուսելում մենք միշտ մեծ պատկերին ենք նայում, բայց կարեւոր է միշտ օրակարգում պահել Արցախի հարցը, որը նորից արդիական դարձավ պատերազմի օրերին։ Պատերազմն ավարտվել է, բայց բազմաթիվ չլուծված կենսական նշանակության հարցեր կան եւ մեր դերն է դրանց վրա լույս գցել»- ասում է ԵԽ պատգամավոր, Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Սիլվի Գիյոմը։ 

Արցախի հետ բարեկամության խմբի, ինչպես նաեւ Արցախ եվրախորհրդարանականների այցի հարցում մեծ դերակատարություն ունի նաեւ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը։ Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի խոսքով ճանաչված պետությունների կողքին նման խումբ ունենալը քիչ բան չէ։  

Արցախի հետ բարեկամության խմբի մեկնարկին մասնակցելուն զուգահեռ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը հանդիպումներ ունեցավ նաեւ Բելգիայի Դաշնային Խորհրդարանում Հայաստանի և Վրաստանի բարեկամության խմբի անդամ-սենատորների, Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության շրջանակի, ինչպես նաև Ֆլամանդական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի անդամների հետ։  

Նախարարը նաև դասախոսություն կարդաց արցախյան հիմնախնդրի, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Գերմանիայի առաջատար իրավաբանական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողների համար, ովքեր այցով գտնվում էին Բրյուսելում։ Այցն ամփոփվեց Բելգիայի Հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումով։