կարևոր
1567 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-11 18:50

Ժողովրդավարության հոգեհանգիստ Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական կառույցի անդամները վառված մոմերով ու դուդուկով հեգահանգստի արարողություն էին կազմակերպել Հայաստանում Եվրամիության պատվիրակության շենքի առջև: Նրանք ԵՄ ներկայացուցչության ցանկապատի դիմաց տեղադրել են սև ժապավենի մեջ առնված մի ցուցանակ, որի վրա գրված է «Ժողովրդավարություն»։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն «R.I.P Democracy Armenia», «Go home», «Shame on you», «Դուք Կովկասում նոր բռնապետ եք աճեցնում», «Բռնապետությունը ժողովրդավարություն մի անվանեք», «Բացեք ձեր աչքերը» գրությամբ ցուցապաստառներ։

Կենտրոնական վարչության անդամ Սևակ Նազարյանն ասաց, որ ակցիան ամբողջությամբ խորհրդանիշներով է կազմակերպված, որոնցով ներկայացնում են Հայաստանում ժողովրդավարության հոգեհանգիստը։ 

«Վերջին շրջանում Հայաստանում ժողովրդավարության ցածր մակարդակը գրանցում է իրական հակառեկորդ։ Վերջին շաբաթում դատավորին կալանավորեցին դատական գործընթացն անկախ իրականացնելու համար․ սա նպատակ ուներ դատական իշխանությունն ու իրավագիտությունը վերացնել Հայաստանում։ ԵՄ-ն ունի հստակ արժեքներ և ամեն տարի գնահատականներ է տալիս տարբեր երկրներում ժողովրդավարության մակարդակի մասին, բայց ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը ընդամենը կեղծ զեկույցներ է ներկայացնում ԵՄ»,-ասաց Սևակ Նազարյանը։

«Մենք այստեղ ենք, որ կատարենք հարգանքի տուրք նվիրված Հայաստանում երբեմնի եղած եւ գործող ժողովրդավարությանը, որը վաղաժամ վախճանվեց այսօրվա կառավարական ռեժիմի եւ տիկնոջ գործունեության արդյունքում: Հիմա մոմեր կվառենք եւ ծաղիկներ կխոնարհենք՝ ժողովրդավարության հիշատակը հարգելով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նկատի ունենալով ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Այս կինը լռում է, տեսնելով Հայաստանում ժողովրդավարության տապալումները: Մենք ունենք տարբեր դատական գործերով դատական դատավարությունների ենթարկվող ընկերներ, ունենք քաղբանտարկյալներ: Այս կնոջ գործունեության արդյունքում այս իշխանություններն այնքան են լկտիացել, որ արդեն դատավորի իր լիազորություններից զրկված եւ դատապարտված է մի դատավոր, ով ընդամենը արդար վճիռ է կայացրել: Այս տիկնոջը նման քաղաքականությամբ մենք ուղարկելու ենք տուն»:

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վստահ է, որ գործող իշխանությունները պատասխան տալու են իրենց արածի համար, բայց ինքը վստահ չէ, որ եվրոպական կառույցներն իրենց դիրքորոշումների համար պատասխան կտան։

«Ես այստեղ եմ նաև որպես ԵՄ միջխորհրդարանական խմբի անդամ․ այն կառույցները, որոնք ներկայացնում են միջազգային հանրությունը, երկակի ստանդարտներ են կիրառում»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը վստահ է, որ ժողովրդավարությունը Հայաստանում տապալվել է։

 «Արդեն շատ ակնառու փաստ է, որ մարդուն ընդամենը իր ազատ խոսքը արտահայտելու համար կարող են ուղղակի ենթարկել քաղաքական հետապնդումների։ Դրա վառ օրինակ էր ՏԻՄ  ընտրություններից հետո կատարված ձերբակալությունները, երբ ժողովրդի ընտրած քաղաքապետերին առանց որևէ լուրջ հիմքի օրվա իշխանության բռնել են և պահում են հսկողության տակ»,-ժողովրդավարության տապալման ևս մեկ օրինակ նշեց Տարոն Մանուկյանը։

Այդպիսի օրինակները բազմաթիվ են՝ փաստեց նա, իսկ Անդրեա Վիկտորինը լռում է կամ Հայաստանը ներկայացնում ժողովրդավար։

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի պատրաստած ռեպորտաժում