կարևոր
1558 դիտում, 9 ամիս առաջ - 2022-02-11 15:14

Դիտորդ մարմինը հայտարարություն է տարածել Հանրայինով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման վերաբերյալ

Դիտորդ մարմինը հայտարարություն է տարածել Հանրայինով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման վերաբերյալ

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը տարածել է հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստաընկերության հարաբերությունների մասին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2021 թվականի դեկտեմբերի 28-ին դիմել էր Հանրային հեռուստաընկերությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին՝ պարզաբանումներ պահանջելով «Լուրեր» ծրագրի թողարկումներում Պաշտպանի հրապարակումները չլուսաբանելու առնչությամբ։ Դրա վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ։ Այդ պարզաբանման որոշ ձևակերպումների առնչությամբ Դիտորդ մարմնին է դիմել նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Սակայն, մինչ այդ դիմումը, Դիտորդ մարմինն արդեն ձեռնարկել էր քննարկումը, և, կարծում ենք, Զարուհի Հովհաննիսյանը սույն հայտարարության մեջ կարող է ստանալ նաև իր հարցադրումների պատասխանները։

Դիտորդ մարմինն արդեն մեկ անգամ՝ 2021թվականի հուլիսի 12-ին, Հանրային հեռուստաընկերության դիմումով փորձագիտական կարծիք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստատեսության հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ խնդիրը չի լուծվել և նույնիսկ սրվել է, ուստի Դիտորդ մարմինը որոշեց սեփական նախաձեռնությամբ մեկ անգամ ևս անդրադառնալ երկու հանրային կառույցների հակասություններին։

Դիտորդ մարմինը 2022թ. հունվարի 17-ի առցանց նիստում ԴՄ անդամներ Բորիս Նավասարդյանին, Նունե Սարգսյանին և Շուշան Դոյդոյանին պատվիրակեց հանդիպել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների և Հանրային հեռուստատեսության գործադիր ղեկավարության հետ՝ խնդրի վերաբերյալ վերջիններիս դիրքորոշումները ստանալու ակնկալիքով։ Բացի այդ հանդիպումից, Դիտորդ մարմինը նաև ուսումնասիրեց հանրային հեռարձակողի խորհրդի պաշտոնական պարզաբանումը։ Ելնելով կողմերի դիրքորոշումների ուսումնասիրության արդյունքներից՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հայտարարում է.

1. Երկու կարևոր հանրային կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստատեսության հակամարտությունը, որը ժամանակ առ ժամանակ սուր բնույթ է ստանում, մտահոգիչ է և անընդունելի։ Դիտորդ մարմինը մեկ անգամ ևս շեշտում է, որ այդ կառույցների միջև հակասությունները կարող են լուծվել ոչ թե հրապարակային փոխադարձ մեղադրանքների, այլ գործընկերային մթնոլորտում՝ քննարկումների միջոցով։

2. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ի գիտություն է ընդունում ՄԻՊ-ի գործունեության լուսաբանման վերաբերյալ ներկայացված վիճակագրությունը, ինչպես նաև Հանրային հեռարձակողի խորհրդի և գործադիր ղեկավարության այն պարզաբանումները, որ իրենց կողմից փորձ է արվել ՄԻՊ-ի գործունեության լուսաբանման վերաբերյալ բանավոր համաձայնությունների հասնել, սակայն դրանք հետագա համատեղ աշխատանքի հիմք չեն դարձել։

3. Այսուհանդերձ, Դիտորդ մարմինը համարում է, որ Հանրային հեռարձակողի խորհրդի պարզաբանման հետևյալ հատվածը՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով Հայաստանում զբաղվում են պետական և հանրային շատ հաստատություններ, օրինակ՝ դատարանները, ոստիկանությունը, սոցիալական ապահովության կառույցները, տեսչական մարմինները, իրավապաշտպան ՀԿ-ները և այլն։ Այս ամենը նույնպես լուսաբանվում է «Լուրերով», և ՄԻՊ-ի գործունեությունը ակնհայտորեն միակը չէ՝ Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում», անհարկի հավասարության նշան է դնում Մարդու իրավունքների պաշտպանության անկախ ինստիտուտի և պետական կառույցների, ինչպես նաև ՄԻՊ-ի և հասարակական կազմակերպությունների միջև։ Այդ կառույցներից յուրաքանչյուրն իր գործառույթներն ունի, և նրանցից որևէ մեկի գործունեությանն անդրադառնալը չի փոխարինում մյուսի գործունեության լուսաբանմանը։

4. Ինչ վերաբերում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների այն պարզաբանմանը, թե կոնկրետ սահմանային իրավիճակի մասին ՄԻՊ հայտարարության փոխարեն ՊՆ պարզաբանումներն են ներկայացվել, ապա Դիտորդ մարմինը կարծում է, որ, համակողմանի լուսաբանման սկզբունքից ելնելով, կարելի էր ՄԻՊ հայտարարությանն անդրադառնալուց հետո միայն ներկայացնել ՊՆ պարզաբանումը։ Այլապես, ստացվում է հերքում՝ առանց հերքվող նյութի։

5. Ի գիտություն ընդունելով հանրային հեռարձակողի ղեկավարության այն մեկնաբանությունը, որ իրենք իրավունք ունեն ընտրելու, թե որ աղբյուրին հղում կատարեն, և ձեռնպահ մնալով լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությանը միջամտելուց, Դիտորդ մարմինը, միևնույն ժամանակ, հիշեցնում է տարբեր, մանավանդ՝ երկու պաշտոնական աղբյուրների տեղեկությունները հաշվի առնելու պրոֆեսիոնալ լրագրողական նորմը։ Ընդսմին, դա լրատվամիջոցին չի ազատում հակասական տեղեկություններ ունենալու պարագայում փաստերը մի երրորդ աղբյուրից ևս ճշտելու կամ սեփական ուժերով փաստերը ստուգելու պարտականությունից, մանավանդ, երբ հարցը վերաբերում է մարդկանց ճակատագրերին։

6. Նույնպես, չցանկանալով միջամտել Հանրային հեռարձակողների խմբագրական անկախությանը, ԴՄ-ն, այդուհանդերձ, առաջարկում է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռարձակողի խորհրդի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորութունը, որը կներառեր ՄԻՊ գրասենյակի գործունեության լուսաբանման սկզբունքներն ու կանոնակարգումը։ Դիտորդ մարմինը պատրաստ է խորհրդատուի կարգավիճակով մասնակցել նման հուշագրի մշակմանը, եթե կողմերը դա նպատակահարմար գտնեն։

7. ԴՄ-ն ընդունում է, որ Հանրային հեռարձակողն իր ընտրությամբ կարող է որոշել՝ որ հաղորդաշարերի միջոցով անդրադառնալ այս կամ այն կառույցին, այդուհանդերձ, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը և ՄԻՊ-ի գրասենյակին առաջարկում է դիտարկել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման հատուկ հաղորդաշար ունենալու և որոշակի պարբերականությամբ այն հեռարձակելու հարցը։

8. Կարևորելով հանրային ինստիտուտների՝ միմյանց նկատմամբ չանձնավորված վերաբերմունքը, նրանց միջև կայուն և արդյունավետ համագործակցությունը, Դիտորդ մարմինը խնդրո առարկային վերաբերող կուտակված խնդիրների հաղթահարման ուղղությամբ դրական քայլ կհամարեր պաշտոնը թողնող Պաշտպան Արման Թաթոյանի հետ նրա վեցամյա գործունեությանը նվիրված ամփոփիչ հարցազրույցի անցկացումը, պայմանով, որ այն զերծ կլինի փոխադարձ մեղադրանքներից ու անհարկի ագրեսիայից և կվերաբերի միայն ՄԻՊ-ի գործունեությանը։

Ընդունվել է 2022թ. փետրվարի 02-ին