կարևոր
1597 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-11 14:52

Սա ոգու փորձություն է, պատվով կհաղթահարեմ, կգամ և կշարունակեմ իմ առաքելությունը. Մանվել Փարամազյանն ուղերձ է հղել քաջարանցիներին

Սա ոգու փորձություն է, պատվով կհաղթահարեմ, կգամ և կշարունակեմ իմ առաքելությունը. Մանվել Փարամազյանն ուղերձ է հղել քաջարանցիներին

Քաջարանի համայնքապետ, օրերս կրկին կալանավորված Մանվել Փարամազյանը փաստաբաններիս միջոցով ուղերձ է հղել.

«Հարգելի քաջարանցիներ, փետրվարի 7-ին՝ առանց հիմնավոր պատճառաբանության և հիմքերի՝ կրկին կալանավորվեցի։ Ամիսների իմ բացակայությունը համայնքում բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել, որը իմ վերադարձով կարողացա ընթացքի մեջ դնել և բազմաթիվ կիսատ մնացած ծրագրեր կյանքի կոչել։ Այս անսպասելի կալանավորումը կրկին այդ ծրագրերն ու համայնքում իրականացվելիք լայնածավալ աշխատանքների տեմպերին իր հարվածն հասցրեց։

Հարգելիներս՝ վստա՛հ եղեք, շուտով կվերադառնամ և այս անգամ արդեն իր տրամաբանական ավարտին կհասցնենք այդ բոլոր ծրագրերը և իրականություն կդարձնենք նորանոր ծրագրեր՝ ի շահ համայնքի զարգացման։

Կգամ և կշարունակեմ իմ առաքելությունը, որի մանդատը դուք եք տվել ինձ։ Այս ամենը ժամանակավոր խնդիրներ են, որոնք ցանկացած առաջնորդ պետք է պատվով կրի և պատվով էլ դուրս գա այդ փորձություններից։ Մեր համատեղ և միասնական աշխատանքի արդյունքում այս ամիսների բացթողումները հաղթահարելու ենք միասին և ճակատներս պարզ սերունդներին ենք թողնելու այնպիսի համայնք, որի մասին դեռ երկար կխոսվի մեր պատմության մեջ։ Եղեք միասնական և ուժեղ, քանզի այդ միասնությունը ավելի կամրապնդվի իմ ներկայությամբ, որը կլինի շատ շուտով։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

Սա ոգու փորձություն է և այս փորձությունն էլ պատվով կհաղթահարեմ և կշարունակեմ լծվել համայնքի զարգացման կարևոր խնդիրներին։ Առաջիկայում ձեզ կներկայացնեմ համայնքում իրականացվելիք բոլոր ծրագրերը քայլ առ քայլ։ 

Ուժ և եռանդ բոլորիդ ընտանիքներին՝ եղեք առողջ, միասնական և սպասեք իմ վերադարձին՝

հարգանքով և հպարտությամբ ձեր համայնքի ղեկավար՝ Մանվել Փարամազյան»,- նշվում է ուղերձում:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն դեկտեմբերի 17-ին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 70 միլիոն դրամի չափով։

Դեռ 2021թ.-ի հուլիսի 10-ին էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր՝ Գագիկ Պողոսյան), Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր 2 ամսով: Իսկ սեպտեմբերին դատարանը որոշել էր ևս երկու ամսով երակարաձգել Փարամուզյանի կալանքի ժամկետը: