Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է դատապարտվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագիրը»:
«Շուշիի հռչակագիրը» երկու կողմերի նախագահները ստորագրվել են 2021 թվականի հունիսի 15-ին, օրեր անց էլ հռչակագիրը վավերացրել էր այս երկու երկների խորհրդարաններում:
«Նախագծով առաջարկվում է գնահատական տալ հռչակագրին, որովհետեւ այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի եւ Արցախի դեմ: Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ պաշտոնապես մասնակցեց կռվին, հիմա ցանկացած սադրանքի դեպքում կարող են հանգիստ միջամտել, որովհետեւ արդեն ռազմաքաղաքական դաշինք ունեն։ Հռչակագիրը նաեւ ցույց է տալիս այդ երկրների ծավալապաշտական նկրտումները Զանգեզուրի միջանցքի հանդեպ, Հայոց ցեղասպանության հարցն էլ դուրս է գալու Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ դառնալու է բացառապես պատմաբանների քննարկումների թեմա: Այս ամենին իշխանությունը պարտավոր է արձագանքել՝ թեպետ մինչ օրս ծպտուն չի հանել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի զեկուցող Անդրանիկ Թեւանյանը:
Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ ընդունված հռչակագիրը վկայում է, որ հայ-թուրքական բանակացություններն առանց նախապայմանների ընթանալ չեն կարող:
«Երկու կողմերի ներկայացուցիչները հանդիպում են ունենում, իսկ դրանից կարճ ժամանակ անց հռչակագիրը վավերացվում է։ Մի կողմից Թուրքիան ծաղկեփնջերով է դիմավորում Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւորներին, իսկ մյուս կողմից վավերացնում է Հայաստանը բնաջնջող հռչակագիրը»,- նշեց Թեւանյանը։
Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունմամբ պետությունն իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի ընդունված հռչակագրի նկատմամբ:
«Մենք պարտավոր ենք այս ամենին արձագանքել: Այդպիսիով մենք ցույց կտանք, որ ունենք անվտանգային կարմիր գծեր, որոնք չենք զիջելու։ Եթե Թուրիքան եւ Ադրբեջանն հռչակագիր են վավերացրել, որոնք ակնհայտ դեմ են Հայաստանին եւ Արցախին, մենք ինչպե՞ս կարող ենք չարձագանքել: Ես հիմա չեմ կարող հստակ ասել՝ իշխող ուժը կողմ քվեարկի նախագծին, թե՝ ոչ: Եթե իրենց իշխանության տարիների հետագիծը նայենք, կարող են դեմ քվերակել նախագծի ընդունմանը, բայց այդ դեպքում էլ կստացվի, որ ողջունում են «Շուշիի հռչակագիրը»,- հավելեց Թեւանյանը:
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:
Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում: Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և հավելել, որ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա:
Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»:
Հռչակագրի ստորագրման վերաբերյալ անցյալ ամռանը ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ հանդես եկավ՝ դատապարտելի և սադրիչ որակելով Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը։ ԱԳՆ-ն նշում է, որ «դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։ Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»։