The Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված «Ժողովրդավարության ինդեքս 2021»-ում Հայաստանը հիբրիդային կառավարման համակարգ ունեցող երկրների թվում է։
Ինդեքսը երկրները բաժանում է չորս խմբի՝ բացարձակ ժողովրդավարություն, անկատար ժողովրդավարություն, հիբրիդային կառավարություն եւ ավտորիտար ռեժիմ։
Զեկույցը կազմելիս փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնական գործոն. ընտրական գործընթացներ՝ բազմակարծություն, իշխանության արդյունավետություն, քաղաքական ակտիվություն, քաղաքական մշակույթ, քաղաքացիական ազատություններ։
Հայաստանում ընտրական գործընթացները եւ բազմակարծությունը 5.5 է գնահատվել, կառավարության արդյունավետությունը՝ 5.71, քաղաքական ակտիվությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13 եւ քաղաքացիական ազատությունները՝ 5:
Այսպիսով, Հայաստանի ընդհանուր միավորը 5.49 է, որով երկիրը 89-րդն է 2021 թվականի ժողովրդավարության ինդեքսում:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը 2020 թվականի համեմատությամբ բարելավվել է 0,14 միավորով՝ ընդհանուր միավորը հասցնելով 5,49-ի։ Այնուամենայնիվ, չնայած ցուցանիշի բարելավմանը, Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ մտահոգությունները մնում են։ Դատական իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է:
Վրաստանը, որը նույնպես հիբրիդային կառավարման համակարգ ունեցող երկիր է համարվում, զբաղեցրել է 91-րդ տեղը՝ ընդհանուր 5.12 միավորով։
Թուրքիան 4.35 միավորով զբաղեցնում է 103-րդ տեղը։ Ադրբեջանն ու Իրանն ավտորիտար երկրների թվում են:
Բացարձակ ժողովրդավարություն ունեցող երկրների ցանկը գրեթե չի փոխվել՝ Նորվեգիա, Նոր Զելանդիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Ավստրալիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ եւ այլ երկրներ։
Ընդ որում, Ֆրանսիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Չեխիայում, Իտալիայում եւ ժողովրդավարական ամուր հիմքեր ունեցող տասնյակ այլ երկրներում, ըստ Economist 2021-ի, «անկատար ժողովրդավարություն» է։