կարևոր
1537 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-11 13:37

Պեկին-2022. հայ դահուկորդներն ավարտեցին մրցելույթները

Պեկին-2022. հայ դահուկորդներն ավարտեցին մրցելույթները

Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը դահուկավազքի մրցումներում ներկայացնում էր երեք դահուկորդ։

Այսօր կայացած 15 կմ դասական ոճով դահուկավազքում Միքայել Միքայելյանն իր վերջին մրցելույթում զբաղեցրեց 61-րդ տեղը։ 

15 կմ դասական ոճով մրցատարածության մրցումներին մեկնարկ պետք վերցնեին 100 դահուկորդներ, բայց չեխ Յան Պեխոսեկը և բելառուս Ալեքսանդր Վորոնովը հրաժարվեցին մեկնարկից` մեկնարկողների թիվը դարձնելով 98։ Միքայել Միքայելյանը մեկնարկեց 59-րդը։

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ֆին Իվո Նիսկանենը։ Ռուս Ալեքսանդր Բոլշունովը երկրորդն էր, բրոնզե մեդալը բաժին հասավ նորվեգացի Յոհանես Կլեբոյին։

Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերում հանդես եկան նաև Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը։ Գալստյանը սպրինտում (արագավազք) զբաղեցրեց 80-րդ տեղը, իսկ 10 կմ դասական ոճով մրցումներում նա 74-րդն էր։ Օլիմպիական խաղերի նորեկ Անգելինա Մուրադյանը 10 կմ դասական ոճով մրցատարածությունում 94-րդ էր։

Հիշեցնենք, որ Կատյա Գալստյանը փետրվարի 8-ին մրցել էր նաև սպրինտում և զբաղեցրել էր 80-րդ հորիզոնականը և չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը։

Իսկ ավելի վաղը դահուկավազորդ Միքայել Միքայելյանը սկիաթլոնում 70 մարզիկների մեջ զբաղցրել էր 47-րդ տեղը։ 

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է: