29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուս գեղասահորդուհի, Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկու գլխավոր հավակնորդ Կամիլա Վալիևային թույլատրել են շարունակել մրցումները` չեղարկելով փետրվարի 9-ին կիրառված ժամանակավոր սահմանափակումը։ Այս մասին Թեստավորման միջազգային գործակալության (ITA) մամուլի ծառայությանը հղում անելով՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վալիևան արդեն իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն է դարձել Պեկինի օլիմպիադայի թիմային մրցաշարում։ Հենց նա է թիմին բերել առավելագույն 20 միավորը` ռուսական թիմին թույլ տալով մեծ տարբերությամբ առաջ անցնել մոտակա մրցակից ԱՄՆ հավաքականից։ Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը պետք է կայանար փետրվարի 7–ին, սակայն հետաձգվել էր սկզբում մինչև փետրվարի 8–ը, այնուհետև անորոշ ժամանակով։
ITA–ում հաստատել էին, որ 2021–ի դեկտեմբերի 25-ին Վալիևայից վերցված թեստը դրական արդյունք էր տվել։ Այդ մասին Ստոկհոլմի հակադոպինգային լաբորատորիան ծանուցել էր փետրվարի 8-ին, որից հետո Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը նրան ժամանակավորապես հեռացրել էր մրցումներից։
«Մարզիկը բողոքարկել էր ժամանակավոր արգելքը, փետրվարի 9-ին Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը որոշել էր այն չեղարկել։ Այսպիսով` մարզիկին թույլատրվել է շարունակել մասնակցել օլիմպիական խաղերին։ Տվյալ որոշման հիմնավորումը կարճ ժամանակում կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին», – ասվում է հաղորդագրության մեջ։
ITA–ում հայտարարել են, որ ՄՕԿ–ը բողոքարկել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության տվյալ որոշումը, գործը քննվելու է Մարզական արբիտրաժային դատարանում (CAS)։ Գեղասահորդների թիմային մրցաշարի վերջնական արդյունքների վերաբերյալ որոշումը կկայացնի ISU–ը` Վալիևայի գործի լիարժեք ուսումնասիրությունից հետո։
ՄՕԿ մամուլի ծառայության ղեկավար Մարկ Ադամսը, մեկնաբանելով Վալիևային շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ այս դեպքը դեռ պետք է վերլուծվի։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ 15-ամյա գեղասահորդուդուն ելույթները վերսկսելու թույլատրություն տալը կապված է նրա տարիքի հետ։
«Ակնկալում ենք, որ լրացուցիչ պարզաբանումներ կլինեն, թեև հիմնական փաստաթուղթը կա։ ՄՕԿ–ը 100%–ով դեմ է դոպինգին, մենք յուրաքանչյուր դեպք խորը ուսումնասիրում ենք։ Այս դեպքը մինչև վերջ չի վերլուծվել։ Առավել ևս, որ խոսքն անչափահաս աղջկա մասին է։ Գործը ընթացքի մեջ է», – հավելել է նա։
Նշենք, որ Վալիևան առաջին մրցումներն է անցկացնում մեծահասակների սահքում և իր մասնակցած ոչ մի մրցման ժամանակ չի պարտվել։ Նա հաղթանակներ է տոնել Եվրոպայի և Ռուսաստանի առաջնություններում, ինչպես նաև համաշխարհային ռեկորդներ է սահմանել կարճ և ազատ ոճերում։
Մարզիկը պետք է մասնակցի մենասահքի անհատական մրցումներին։ Կարճ ծրագիրը կկայանա փետրվարի 15-ին, ազատ ծրագիրը` փետրվարի 17-ին։