կարևոր
1225 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-10 22:14

Մարտակերտում առաջին Թումո տուփը սկիզբ է դնում Արցախում կրթական ծրագրի ընդլայնմանը. ՖՈՏՈՇԱՐՔ

Մարտակերտում առաջին Թումո տուփը սկիզբ է դնում Արցախում կրթական ծրագրի ընդլայնմանը. ՖՈՏՈՇԱՐՔ

Մարտակերտ քաղաքում բացվեց Արցախի առաջին Թումո տուփը: Միանալով Ստեփանակերտում գործող կենտրոնին՝ այն սկիզբ է դնում Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացին։

Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։

«Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող Թումո տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է․ մեր Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին»,- բացման միջոցառմանը հայտարարեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Բացման միջոցառմանը մասնակցում էին նաև Թումո Ստեփանակերտի շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձառությամբ ու միասին իրականացրեցին մինի-նախագծեր:

Միջոցառման ընթացքում Թումո կենտրոնի ղեկավարությանը և գործընկերներին միացել էին Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ինչպես նաև Մարտակերտի ՏԻՄ ներկայացուցիչները։

Մարի Լու Փափազյանը նշեց նաև Թումո Հայաստան նախաձեռնության առաջիկա քայլերը. «Մեր բարերարների առատաձեռն նվիրատվությունների արդյունքում մոտակա ժամանակներս մեր ցանցին կգումարվի ևս 6 կենտրոն Հայաստանի Կապան, Վանաձոր, Կողբ, Էջմիածին, Հրազդան և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև առկա կենտրոններին և կառուցվողներին կից 40 նոր Թումո տուփ»։

Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից և այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, 300-ից ավելի դասընթաց, 100-ից ավելի աշխատարան և նախագիծ: Մարտակերտի, իսկ հետագայում նաև Ասկերանի և Մարտունու տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են Թումո Ստեփանակերտ հատուկ տրանսպորտով: