Փետրվարի 12-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 16 տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ: Առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:
Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այդ օրը թեմի երկու՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22.00-ը:
Այս տարի տոնական միջոցառումների շարքում ընդգրկված են հետևյալ ծրագրերը.
Փետրվարի 11
15.00-ին «Բուկինիստի» Մաշտոց մասնաճյուղում (Մաշտոց 10) կմեկնարկի «Իմ գաղտնի Գրքասեր» ծրագրի մասնակիցների գրքերի հանձնումը:
«Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը սիրահարների տոնի առթիվ արդեն 6-րդ անգամ ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Չբացահայտելով նվիրողի անձը՝ միջոցառմանը հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր նվերներ ունեն իրենց գաղտնի գրքասերներից:
Ի դեպ՝ այս տարի առաջին անգամ անակնկալ է սպասվում նաև գիրք նվիրողներին: Նրանք կմասնակցեն առցանց խաղարկությանն, ու պատահականության սկզբունքով 30 գրքասեր կստանա նվեր:
18.00-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում կամփոփվի այս խաղը, որն անց է կացվում առաջին անգամ:
Սուրբ Սարգսի տոնի առթիվ առաջին անգամ կազմակերպվել է երիտասարդական ինտելեկտուալ խաղ-քվեստ՝«Մեր մեծերի սերը» խորագրով: Խաղը նախաձեռնել են Հովհ. Թումանյանի թանգարանը, ԵՊՀ Ուսխորհուրդը՝ Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ:
Խաղին ուսանողները մասնակցում են 3-5 հոգանցող թիմերով: Նրանք տոնի նախընթաց շաբաթվա ամեն օր փորձում են գտնել հանելուկ- գլուխկոտրուկները, որոնց պատասխանները թաքնված են Երևանի թանգարաններում ու քաղցրեղենի գործարաններում: Այդ պատասխաները հուշումներ են, որոնք օգնելու են բացահայտել թաքնված հիմնական հարցը:
Հաղթում է այն թիմը, որն առավել արագ կգտնի հիմնական հարցի պատասխանը:
Խաղը կամփոփվի Հովհաննես Թումանյանի թանգարանում՝ սիրառատ ու գեղարվեստական ծրագրով՝ երաժշտություն, պոեզիայի ընթերցում և այլն:
Փետրվարի 12-ին
Նկարչական ցուցահանդես՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին: Կազմակերպում են Հայաստանի նկարիչների միությունն ու Համաշխարհային հայ նկարիչների միությունը: