կարևոր
1828 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-10 21:05

Մամիկոն Ասլանյանի կալանքը երակարաձգվեց ևս 2 ամսով

Մամիկոն Ասլանյանի կալանքը երակարաձգվեց ևս 2 ամսով

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, այսօր՝ փետրվարի 10-ին, Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Ասլանյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը, սակայն դատարանը մերժել էր։

«Սպասելի որոշում էր։ Դեռեւս նախկին քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ դատավորին չի հետաքրքրում՝ ինչ է տեղի ունենում դատական նիստերի դահլիճում, կապ չուներ քննարկումը տեղի ունեցողի հետ։ Ի դեպ, դատավորը նախկինում կայացրած որոշման մեջ անմեղության կանխավարկած էր խախտել։ Դատավորը ժամանակին քննարկել էր նաեւ կալանավորման հարցը, որը նույնպես բավարարել էր։ Այս առումով դատավորն իր քիմքին հաճելի որոշում է կայացրել»,- ասաց Վարոսյանը։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք»  եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:

Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: